loader
Օրերով գյուղտեխնիկա ենք ման գալիս. գյուղացի

Օրերով գյուղտեխնիկա ենք ման գալիս. գյուղացի

Ցորենի և գարու արտերը հնձելու ժամանակն է, բայց Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչները հունձը չեն կարողանում կազմակերպել: Համայնքում գյուղտեխնիկա չկա, մարդիկ պետք է սպասեն՝ ե՞րբ են հարևանները ցորենի բերքահավաքն ավարտելու, որ կոմբայն իրենց դաշտ էլ մտնի:

«Օրերով կոմբայն ենք ման գալիս, որ գա, դաշտը հնձի, մինչև ճարում ենք՝ բերքի կորուստ ենք ունենում»,- Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեցին Հարթագյուղի բնակիչները:

Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի պարկը թարմացնել: Հարթագյուղում այս մասին տեղյակ են, բայց ծրագրից չեն կարողանում օգտվել: Նրանց խոսքով՝ առաջարկվող տոկոսադրույքները բարձր են՝ դաշտավարությամբ ապրող գյուղացու գրպանին ոչ հարմար:

«Դա շատ թանկ է: Մատչելի տոկոսը ո՞րն է, մոտ 70.000 դոլար է կոմբայնի արժեքը»,- ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը:

Այս տարի հացահատիկի միջին բերքատվություն է այստեղ սպասվում: Մեկ հեկտարից ստանում են 30 մինչև 60 ցենտներ հացահատիկ: Ոռոգման ջրի պակասի մասին բարձրաձայնում են բոլոր հարթագյուղցիները: Դրա պատճառով գյուղի հողերի մի զգալի մասը ներկայումս չի մշակվում:

«Նախկին 400 հեկտար ոռոգվող հողատարածքներից հիմա ոռոգվում է ընդամենը 130-ը: Եթե չի ոռոգվում, բնականաբար, բերքատվությունը ցածր է լինում, մարդիկ էլ ստիպված բանջարբոստանային կուլտուրաներ չեն մշակում»,- դժգոհում են նրանք:

Իսկ գյուղի մոտ 1000 բնակչության ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է՝ ցորենն ու կաթը:

«Կաթն էժան են տանում, լիտրը՝ 80-100 դրամ: Հիմա մենք 700 դրամով խոտ ենք գնում և 100-ով կաթ վաճառում, նույնը նաև մսամթերքի դեպքում է: Իրացման խնդիրը շատ լուրջ է, այս հարցին պետք է կառավարությունը շուտափույթ լուծում տա»,- շեշտեցին գյուղացիները:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս