loader
Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց. Օսիպյան

Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց. Օսիպյան

Վարչապետի կողմից տրվող ցանկացած հանձնարարական ոստիկանապետի և ոստիկանության կողմից անմիջապես կատարվում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ անդրադառնալով վարչապետի՝ օլիգարխներին զինաթափելու մասին հանձնարարականին:

«Արդյունքները միշտ էլ կան, մենք առօրյայում էլ ունենք արդյունքներ և ամեն ինչ չէ, որ մենք լուսաբանում ենք»,- նկատեց նա և հրաժարվեց տեղեկացնել, թե ինչ է զեկուցել վարչապետին «ռեյդ» օպերացիայի հետ կապված:

Օսիպյանը նաև ասաց, որ զինաթափելու ծրագիր միշտ էլ իրականացվում է:

«Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց կամ պատին դեմ տալուց: Բացառապես մենք հաճույք չենք ստանում: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր: Մենք ունենք տեղեկություններ, որ զենքեր են կրում: Մենք որտեղի՞ց իմանանք՝ դա օրինակա՞ն է, թե՝ ոչ, դրանք ստուգել են պետք: Զինված քաղաքացին մշտապես վտանգ է հանդիսանում ոստիկանության աշխատակցի համար: Մենք ստուգում ենք դրա օրինականությունը, հետո ուղարկում ենք փորձաքննության՝ պարզելու դրանց առնչությունը որևէ հանցագործության հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի թիկնապահների բերման ենթարկմանը՝ նշեց, որ շարասյունով են երթևեկել և քաղաքացիներից այդ մասին բողոքներ են եղել, որով խոչընդոտել են երթևեկությունը:

Անդրադառնալով «ռեյդերի» արդյունքների հրապարակմանը՝ ոստիկանապետն ասաց. «Կան տեսանյութեր, որոնք ոստիկանությունը չի տեղադրել, տեղադրել են քաղաքացիները կամ լրագրողներն են տեղադրել: Ամեն բան չէ, որ լուսաբանվում է»:

Իրականացվող գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար նա հորդորեց դիմել Ոստիկանության լրատվական ծառայությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս