loader
Ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել բնակիչներին, չունեն խնդիր օրենքի հետ, կարող ենք իրենց հետ աշխատել. Մարությանը՝ պաշտոնանկությունների մասին

Ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել բնակիչներին, չունեն խնդիր օրենքի հետ, կարող ենք իրենց հետ աշխատել. Մարությանը՝ պաշտոնանկությունների մասին

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ծախսերը կրճատվել են: Այս մասին իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և վստահեցրեց, որ տնտեսումների պատճառով տոնական միջոցառումները չեն տուժելու: Երևանցիները շքեղ տոն կվայլեն:

«Ես այսօր եմ ստանձնել քաղաքապետի պաշտոնը և մինչ այդ, որպես քաղաքապետ, որոշումներ կայացնել չէի կարող, բայց իմ կողմից հորդորել եմ գործող քաղաքապետարանի իշխանություններին, որպեսզի, այո, այդ կրճատումները լինեն՝ համարելով որոշ միջոցառումներ ոչ նպատակային այդ տոնի համար: Վստահ եմ, որ շատ լավ տնտեսումներ են եղել մեր քաղաքի համար: Հաշվի ենք առնել, որ դիմացը ձմեռ է և բավականին մեծ ծախսեր կան կատարելու, դրանից տոնը վստահաբար չի տուժել»,- հավաստիացրեց Երևանի նորընտիր ղեկավարը:

Հարցին՝ արդյո՞ք Հայկ Մարությանը պատրաստ է աշխատել փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ, պատասխանեց, որ բոլոր մասնագետները, ովքեր ունեն բարձր հմտություններ, պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել բնակիչներին, չունեն խնդիր օրենքի հետ, կարող են իրենց հետ աշխատել:

«Դա չի նշանակում, որ կրճատումներ, պաշտոնանկություններ ու փոխարինումներ չեն լինելու: Միևնույն ժամանակ պրոֆեսիոնալ մարդկանց պետք է գնահատենք: Եվ բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն արդարության վրա»,- ասաց նա:

Նոր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ հրավիրված հյուրերի շարքերում չերևացին ո՛չ Երևանի նախկին քաղաքապետերը, ո՛չ էլ ԱԺ պատգամավորները: Մարությանի խոսքով՝ հրավիրել են բոլոր նախկին և ներկա պաշտոնյաներին, իսկ թե ինչո՞ւ ներկա չեն եղել, չի կարող պատասխանել:

«Բոլոր նախկին քաղաքապետերը, ԱԺ նախագահը, տեղակալները, խմբակցության ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, վարչական շրջանների ղեկավարները, բոլոր բոլորին հրավեր ուղարկվել է: Չգիտեմ՝ ինչո՞ւ չեն եկել, միգուցե քաղաքում չեն, միգուցե չեն ուզել գան կամ կարող են այլ պատճառներ լինել»,- եզրափակեց քաղաքապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս