loader
Ո՞ւմ փոխարեն են որոշել. համայնքապետն՝ Ախթալան Ազնավուր կոչելու առաջարկի մասին

Ո՞ւմ փոխարեն են որոշել. համայնքապետն՝ Ախթալան Ազնավուր կոչելու առաջարկի մասին

Մի խումբ հասարակական գործիչներ ու արվեստագետներ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Ախթալա բնակավայրն անվանափոխել Ազնավուր: Նրանք պատճառաբանում են, որ հաշվի առնելով Ազնավուրի դերակատարությունը Հայաստանի ու հայ ժողովրդի համար՝ առաջարկում են նրա անվամբ համայնք ունենալ: Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչումը գեղեցիկ ժեստ կլինի նաև Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և Ֆրանկաֆոն շարժմանը ողջ աշխարհում։ Նրանք նաև նշում են, որ համայնքի անունը թուրքական ծագման է: Ախթալա համայնքի բնակիչները տեղյակ չեն այս առաջարկության մասին:

Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն առաջին անգամ մեզնից լսեց համայնքի անվանափոխության վերաբերյալ մտավորականների առաջարկի մասին: Համայնքի ղեկավարը զարմացած հարցնում է, թե ո՞ւմ փոխարեն են մտավորականները նման նախաձեռնությամբ հանդես եկել:

«Չգիտեմ՝ էդ մտավորականներն ի՞նչ են որոշել: Հարցն այստեղ Ազնավուրը չէ: Ազնավուրն ամբողջ ազգի համար է շատ մեծ բան արել, բայց դա չի նշանակում, որ իրենք համայնքի փոխարեն ինչ-որ բան պետք է որոշեն»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց նա:

Թամազյանի կարծիքով՝ պետք է նաև բնակիչների կարծիքը հաշվի առնել: Ախթալան մեկ համայնք չէ: Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնում են 2 քաղաքային և 3 գյուղական բնակավայրեր: 

Հասարակական գործիչները հիմնավորում են, որ Ախթալայում, սկսած 2014 թվականից, Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ դը Լազուր նահանգների համագործակցության շրջանակներում նախատեսվում է հիմնել Մորգանի անվան Հանքագործության և մետաղագործության թանգարան, իսկ ֆրանսիական տների տեղում՝ «Ֆրանսիական թաղամաս» բազմաֆունկցիոնալ ներդրումային նախագիծը: Այս բոլորը դրական է գնահատում համայնքապետը, բայց, միևնույն է, վրդովվում է:

«Ո՞ւմ փոխարեն են որոշում կայացրել, որ դիմել են: Որոշողը մենք ենք՝ համայնքի ղեկավարն՝ ավագանու և բնակիչների հետ միասին: Անվանափոխության հարցը մեր օրակարգում չկա, ոչ էլ նման քննարկում է եղել: Մտավորականները պետք է նախ դիմեին մեզ, կարծիք հարցնեին, հետո նոր այդ քայլին գնային»,- նշեց Թամազյանը:

Ֆրանսահայ շանսոնյեի անունով Հայաստանում բնակավայր ունենալու նախաձեռնությամբ հանդես եկողների շարքում է նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա պնդմամբ՝ իրենք իրավունք ունեն առաջարկությամբ հանդես գալու:

«Ես այսօր ուզում եմ նամակ գրել Թրամփին և ասել՝ պարոն Դոնալդ Թրամփ, առաջարկում եմ Նյու Յորքի անունը դնել Փիլիփոս: Ի՞նչ պիտի լինի: Պետք է Նյու Յորքի քաղաքապետը գա, ասի՝ թիկունքիցս բա՞ն ես անում: Այսինքն՝ առաջարկելու իրավունք չունե՞նք»,- զայրացավ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ ինչի՞ պետք է համայնքապետը տեղյակ լինի, եթե զբաղված է միայն առօրյա գործերով և գրպանները լցնելով:

«Վա՞տ է, որ մի խումբ մարդիկ, ովքեր սերտորեն կապված են Ախթալայի հետ, նման բան են առաջարկել: Ինչի՞ ենք ընկել սար ու ձոր, չհասկացա: Առաջարկությունը եղել է, կքննարկվի, ընդունելն ու չընդունելն էր իրենց գործն է: Խորովածի փառատոն ենք անում, համայնքապետն ասում է՝ ինձ չի հետաքրքրում, դա ո՞նց ասեմ»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս