loader
Կարպիս Փաշոյանը ներողություն կխնդրի՞ Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից

Կարպիս Փաշոյանը ներողություն կխնդրի՞ Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ, մասնագիտությամբ պատմաբան Կարպիս Փաշոյանն օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, պատասխանել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերսոների մասին հարցերին:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում պատերին ապրիլյանի հերոսների նկարներին, գրաֆիտիներին, որոնք ամենուր են, պատասխանել է. «Փողոցային արվեստն էն ա, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երևանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում։ Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում։ Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել, շահարկել: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ի՞նչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժի: 18 տարեկան տղա է, ինձ թվում է՝ չարժե նրա անունն այդքան շահարկել»։

Արցախի հերոսի վերաբերյալ մամուլի խոսնակի այս արտահայտությունը Facebook սոցիալական ցանցում մեծ արձագանք է գտել: Բազմաթիվ օգտատերեր քննդատում են Արցախի հերոսի մասին արտահայտած նրա կարծիքը: Օգտատերերն ամոթանք են տալիս երիտասարդ հերոսի անունը չշահարկելու կոչ անող նույնքան երիտասարդ խոսնակին: Օգտատերերից շատերը գրում են, որ Կարպիս Փաշոյանը պետք է ներողություն խնդրի հերոսի ծնողներից և հասարակությունից:

Հայաստան 24-ը Փաշոյանից փորձեց պարզել, թե նա ներողություն կխնդրի՞ հերոսի ընտանիքից: Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ այս հարցի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չի ուզում տալ: Նա ասաց, որ դեռ կորոշի, թե ինչպես արձագանքի այս թեմային:

Հիշեցում պատմաբան մամուլի խոսնակին՝ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվում է հրամանատար Արմենակ Ուրֆանյանը:

Ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։

Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ 

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս