loader
Պետք է սկսել ապօրինի աղբավայրերի փակման աշխատանքները. մարզպետի հանձնարարականը

Պետք է սկսել ապօրինի աղբավայրերի փակման աշխատանքները. մարզպետի հանձնարարականը

Փետրվարի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետն անդրադարձավ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին և տրված հանձնարարականներին, ինչպես նաև «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովում արծարծված խնդիրներին՝ քննարկված հարցերի վերաբերյալ, ըստ ստորաբաժանումների, նաև տալով հստակ ցուցումներ: 

Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ թե՛ մարզի ղեկավարի կողմից և թե՛ տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: 

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին: 

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, նաև տեղեկացրեց, որ փետրվարի 8-ի դրությամբ հարկերի հավաքագրումները նորմալ ընթացք ունեն և սեփական եկամուտների կատարողականը կազմել է 33, հողի հարկինը՝ 28,4 և գույքահարկինը՝ 33,7 տոկոս:

Նա տեղեկացրեց նաև, որ մարզպետի հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություններ ունեցող անձանցից պարտքերը գանձելու ուղղությամբ:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության ընթացիկ աշխատանքները ներկայացնելով, նաև նշեց, որ առողջական խնդիրներ ունեցող 4 երեխա ուղեգրվել է «Ջերմուկ» առողջարան: Այս, ինչպես նաև այլ ոլորտների հետ կապված՝ մարզպետը խստորեն հանձնարարեց բացառել սուբյեկտիվ մոտեցման գործոնը և առաջնորդվել միայն օրենքով ու արդարության սկզբունքով: Ընդգծելով, որ սոցիալական ապահովության ու մասնավորապես՝ նպաստառության սահմանման ապօրինությունների վերաբերյալ բավականին շատ բողոքներ են ստացվում՝ Ա. Ղուկասյանը հանձնարարեց խորհրդակցության հրավիրել տարածաշրջանային պատասխանատուներին և ամենօրյա խիստ վերահսկողության տակ պահել փաստագրման գործընթացը: 

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը մարզի ղեկավարին մասնավորապես զեկուցեց տարբեր դպրոցներից ստացված դիմում-բողոքների ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ:
Ա. Ղուկասյանի կողմից Քաղաքաշինության և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններին ուղղված հիմնական ցուցումները վերաբերում էին «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին: 
«Համայնքների ղեկավարները հստակ գույքագրում իրականացնելուց հետո ձեր վերահսկողությամբ պետք է սկսեն մաքրման և ապօրինի աղբավայրերի փակման աշխատանքները: Խիստ վերահսկողություն պետք է սահմանել նաև ճանապարհամերձ տարածքների մաքրման ուղղությամբ: Մինչև համապետական շաբաթօրյակի օրը՝ մարտի 23-ը, աշխատանքների մեծ մասը պետք է ավարտաված լինի»,-ասաց Ա. Ղուկասյանը: 

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը մասնավորապես զեկուցեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպման ընթացիկ աշխատանքների մասին: Նա ներկայացրեց նաև մարզի մակրոտնտեսական ցուցանիշերը և իրականացված մոնիտորինգի արդյունքները: 
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը մարզի անասնաբույժների հետ համայնքների կողմից պայմանագրերի կնքման հանձնարարականի վերաբերյալ զեկուցեց, որ 56 համայնքից 50-ն արդեն կնքել են պայմանագրեր:

Ա. Շահվերդյանը տեղեկացրեց նաև, որ սկսվել է մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ մատչելի գներով տրվող սերմացուի բաշխման գործընթացը:

Մյուս ստորաբաժանումների ղեկավարները նույնպես ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներ, որոնց հետ կապված ևս մարզի ղեկավարը հանդես եկավ հստակ ցուցումներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս