loader
Սառեցված հավամթերքի շուկայում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր

Սառեցված հավամթերքի շուկայում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր

«Հերթական անգամ հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ: Այս անգամ ուսումնասիրվել է սառեցված հավամթերքի շուկան», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

««Հետք» էլեկտրոնային պարբերականի կողմից ներկայացված՝ սառեցված հավամթերքի շուկայում գրանցված խախտումների հետքերով ենք գնացել և հերթական ցավալի պատկերն ենք արձանագրել: Ուսումնասիրության համար ընտրված 9 նմուշներից սննդում օգտագործման համար պիտանի են միայն 4-ը, 5 նմուշ սննդի համար պիտանի չէ: Հայտնաբերվել են խախտումներ ինչպես մանրէաբանական ցուցանիշների մասով, այնպես էլ գրեթե բոլոր հավերը ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ: Հավերի մեջ նկատվել են հակաբիոտիկների մնացորդներ, ինչպես լևոմիցետինի, այնպես էլ տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ են հայտնաբերվել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ նշված խախտումներն արձանագրվել են բացառապես Հայաստան ներմուծված և սառեցված հավամթերքի շուկայում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Բրազիլիայից ներմուծված հավամթերքում է հայտնաբերվել:

Տեղական հավի մսում նման վտանգավոր հավելումներ, ըստ Պիպոյանի, չեն հայտնաբերվել, բայց այս ուսումնասիրությունը լուրջ հիմք է վերահսկող մարմնի համար շուկայում փորձաքննություն անցկացնել:

«Եթե իրացման ցանցում պետական վերահսկողություն արվեր, այդ խախտումները կնկատվեին: Ամենամեծ խնդիրներից մյուսն էլ այն է, որ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն, արդեն չի էլ արձագանքում, գոնե ձևի համար գալիս հայտարարում էին՝ մենք կվերահսկենք։ Երկու օր է՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում որևէ հայտարարություն վտանգավոր մթերքի մասով չկա: Ի վերջո, գործադիր իշխանության բոլոր օղակները պետք է հասկանան, որ բառացիորեն մարդկանց առողջության հետ կապված լինում են խնդիրներ։ Հակաբիոտիկը, կարող է ՍԱՊԾ-ում չեն հասկանում՝ ինչ է, բայց չեմ կարծում, որ Առողջապահության նախարարությունում էլ չեն հասկանում: Բառացիորեն ամեն օր վտանգվում է մարդկանց կյանքը, առողջությունը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ հատկապես Երևան քաղաքում հավի սպառման ծավալներն ավելացել են ցածր գնի հաշվին և որպես փոխարինող ավելի թանկ վաճառվող տավարի, խոզի ու գառան մսի: Եթե պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, ապա Պիպոյանի կարծիքով մնում է ապավինել հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս