loader
«Սևան» ազգային պարկը կաշկանդվածություն չունի ոչ մեկի նկատմամբ. տնօրեն

«Սևան» ազգային պարկը կաշկանդվածություն չունի ոչ մեկի նկատմամբ. տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարել է վերանայել վարձակալության պայմանագրերը, քանի որ որոշ մարդիկ հայտնի պատճառներով կարողացել են  ծիծաղելի գներով պայմանագրեր կնքել՝ հեկտարների համար կոպեկներ վճարելով:  Փաշինյանը հանձնարարել է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի:

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի համար վարչապետի հանձնարարականը սպասելի էր: Նա նախկին իշխանություններին էլ է ներկայացրել վարձակալության ցածր գների մասին, դիմել են նաև Արդարադատության նախարարությանը, որպեսզի մեխանիզմ գտնեն՝ ներկայում կայացրած որոշումները հետադարձ ուժով կիրառելու համար: Նրա խոսքով՝ հիմա ինչքան էլ վարձակալության գները փոխեն, միևնույն է՝ այն հետադարձ կիրառելիություն չունի:

«Եթե մինչև 2006 թվականն է տարածք վերցրել, մեկ քառակուսու համար վճարում է 12,42 դրամ, իսկ 2010 թվականից հետո վարձակալածները պետք է վճարեն 84-100 դրամ: Խոսքը սրանց մասին է: Պատկերացրեք՝ այս գումարները տարեկան վճարելու դեպքում ծիծաղելի թիվ է: Հանգստի գոտու համար դա բավականին ցածր գին է: Նշված գումարով պայմանագրեր են կնքել համարյա բոլոր հյուրանոցները՝ բացառությամբ մի քանիսի»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի տնօրենը՝ հավաստիացնելով, որ ընտրողաբար մոտեցում չի եղել, պարզապես վարձավճարի չափն է ցածր սահմանված եղել:

Գուլանյանն ասաց, որ այս վարձավճարները գործում են մինչ օրս, իսկ այն վերանայելու համար օրենքը սահմանում է, որ պետք է կադաստրային արժեքը փոխվի, իսկ մեր երկրում վերջին 20 տարիների ընթացքում այդ գինը փոփոխության չի ենթարկվել:

«Ժամանակն է նաև, որ կադաստրային արժեքը փոխվի, մենք համայնքներ ունենք, որտեղ հողի կադաստրային արժեքը 120 դրամ է, որն իրականում ցածր է: Երևան քաղաքում տեղ կա՝ 50.000-60.000 դրամ է»,- նկատեց նա:

«Սևան» ազգային պարկի տնօրենը հայտնեց, որ վերջին տարիներին վարձակալության պայմանագիր չեն էլ կնքում, միայն ներդրման պարագայում են տարածք տրամադրում, իսկ ներդրողներն էլ բավականին քիչ են՝ մեկ-երկու անձ:

Վահե Գուլանյանի խոսքով՝ ինքը վատ ժառանգություն է ստացել՝ 20 տարի շարունակ «Սևան» ազգային պարկն ապօրինի կառուցապատվել է: Գեղամա գեղեցկուհու ափամերձ տարածքներում օլիգարխների առանձնատներն են ու կառույցներն են վեր խոյանում:

Նա նկատեց, որ շատ շինություններ անբարետես են: Իսկ դրանց ոչ բոլոր մասն է մեծահարուստներինը: Վստահեցրեց, որ «Սևան» ազգային պարկը կաշկանդվածություն չունի ոչ մեկի նկատմամբ՝ ապօրինի շինություններին վերջ են տալու:

«Օլիգարխների հետ շատ հեշտ է, որոշումը կայացնում ենք, շարժվում ենք առաջ, ավելի դժվար է ժողովրդի հետ աշխատելը: Նրանք բողոքում են և ասում են, որ մենք դրանով գումար ենք աշխատում, մեզ չի հետաքրքրում, գեղեցիկ է, թե՝ ոչ»,- ասաց նա:

Սևանի ավազանում առկա շուրջ 4729 ապօրինի շինություններից մինչև 2017 թվականն ապամոնտաժվել է մոտ 800 շինություն: Շորժայի ճանապարհի վրա մի ամբողջ հսկայական հանգստի գոտի են ապամոնտաժել: Ըստ նրա՝ սա լուծում չէ: Այսօր նոր հատակագծի մշակմամբ են զբաղվում, որն էլ պարկի տեսքը կվերականգնի:

«Կկառուցենք այն, ինչ նախատեսված է մաստեր պլանով: Որ կառույցները քաղաքաշինական նորմերին համապատասխան չեն, քանդվելու են»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս