loader
Շիրակում հսկայական վնասներ են կրել. լուսանկարներ

Շիրակում հսկայական վնասներ են կրել. լուսանկարներ

Շիրակի մարզի Շիրակ, Ախուրյան և Հացիկ համայնքի բնակիչները վնասներ են կրել:

Երեկ` ժամը 17:00-ից հետո տեղացած կարկուտն այս համայնքներում կանաչ բույս չի թողել: 3 օրում Հացիկում երկու անգամ կարկտահարություն է գրանցվել:

«Միջին չափի կարկուտը հսկայական վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը: Տեղեր կան՝ վնասի չափը 50-60 տոկոս է կազմում, տեղ կա՝ 100-ի է հասնում»,- Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեցին հացիկցիները: Ֆերմեր Գագիկ Մանուկյանը կարկուտի պատճառով մոտավոր հաշվարկով 5-6 միլիոն դրամի տուժել է: Հողամասում առաջին անգամ ոսպ է մշակում, բնական աղետը, սակայն, մշակաբույսի հետքերը վերացրել է:

«Լոբին մոտ 80 տոկոսով վնասվել է՝ 20 տոկոսն է մնացել: 1 հեկտար կաղամբ կար դրված, սածիլները հողին է հավասարացրել: Կարտոֆիլի ցանքատարածությունը շուրջ 60 տոկոսով է վնասվել: Այս տարի առաջին անգամ ոսպ ու սիսեռ եմ ցանել, դա էլ ավիրվեց: Ոչ մեկ այս շրջանում դեռ այդ կուլտուրայից չի մշակում: Մարդ կա՝ հեկտարներով կարտոֆիլ ունի, ամբողջը փչացել է»,- նշեց ֆերմերը:

Հողագործների խոսքով՝ վնասի չափն ավելի պակաս կլիներ, եթե հակակարկտային կայանքներն անգործության մատնված չլինեին: «Երբ ամպը ձևավորված է լինում, կարկուտը սկսվում է, նոր են ազդանշան տալիս և կրակում: Այդ ժամանակ արդեն ուշ է լինում: Մի հոգի, իրա քեֆին նստած, չի կարողանում կողմնորոշվել, թե երբ կրակի, դրա համար այդքան մեծ վնասներ ենք կրում»,- բողոքեց Գագիկ Մանուկյանը:

Հակակարկտային կայանքների աշխատանքից դժգոհ գյուղացիներին մեկ այլ խնդիր էլ է մտահոգում: Նրանց կարծիքով՝ այնպիսի նյութով են կրակոցներ արձակում, որոնց հետևանքով բույսերն են վնասվում: Ցանկանում են, որ այս խնդրին պատկան կառույցներն ուշադրություն դարձնեն:

Մարզպետարանից գյուղացիների կրած վնասի չափի մասին հետաքրքրվել են, բայց նրանք թերահավատորեն են մոտենում դրան: Այստեղ կարկուտից տուժած գյուղացիները երբևէ փոխհատուցում չեն ստացել: Ախուրյան համայնքում կարկուտը ևս վնասներ է պատճառել: Բանջարաբոստանային մշակաբույսերը զգալի տուժել են, հացահատիկին հասցված վնասները համեմատաբար քիչ են:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս