loader
Սթափվեք, տիկնայք և պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է. Էդուարդ Շարմազանով

Սթափվեք, տիկնայք և պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»:

Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ և դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ:

Բազմաթիվ առիթներով ոչ թե որևէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին:

Երբևէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է՝ կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաև նշված կիսակառույց շինությունը նշված են իմ հայտարարագրում, որը բաց է եղել և հասանելի ցանկացած քաղաքացու համար:

Մշտապես հայտարարել եմ, այժմ էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես բաց եմ օրենքով սահմանված ստուգումների համար: 10 տարի ծառայել եմ և շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական պաշտոնը համարելով առաքելություն:

Երբևիցե ուղիղ կամ միջնորդավորված պետական գնումների որևէ գործընթացի չեմ մասնակցել, որևէ ապրանքի ներկրման և արտահանման գործարքում նույնիսկ միջնորդավորված չեմ եղել:

Եթե կապացուցվի, որ ես երբևէ անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել եմ հանրային միջոցներից, պետական բյուջեից, երբևէ մասնակցություն եմ ունեցել որեւէ անօրինական գործարքի կամ եղել եմ որեւէ կոռուպցիոն սխեմայում, պատրաստ եմ կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե որևէ մեկը կփորձի արատավորել իմ անունը և մոդայիկ դարձած ժողովրդահաճո անվանարկումներով էժան հեղինակություն ձեռք բերել՝ զրպարտությամբ, անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում: Սթափվեք, տիկնայք և պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս