loader
Շուտով ձմեռ է, բայց փայտ չունենք. գյուղացիները ճանապարհ են փակել

Շուտով ձմեռ է, բայց փայտ չունենք. գյուղացիները ճանապարհ են փակել

Կոտայքի մարզի բնակիչները փակել են Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը: Մեղրաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են Կոտայքի մարզպետի հետ հանդիպում։ Բնակիչները բողոքում են, որ ծառահատումներն արգելված են, իրենց չեն թողնում անգամ անտառից ճյուղեր հավաքել:

«Հո՞ չեն գնում, ծառեր կտրում, մարդիկ վառելափայտի խնդիր ունեն, թույլ չեն տալիս ճյուղերը հավաքել: Մենք ուզում ենք, որ թույլ տան, որպեսզի հատման ենթակա ծառերը կտրենք և մեր բնակարանների ջեռուցման հարցերը լուծենք»,-  Հայաստան 24-ի հետ զրույցում ասացին բնակիչները:

Բոլոր համայնքները գազաֆիկացված են, սակայն գազի բարձր սակագների պատճառով գյուղացիները դրանից չեն կարողանում օգտվել:

«Շուտով ձմեռ է, բայց ոչ մեկի հայաթում փայտ չկա թափված: Միշտ օգտվել ենք անտառից՝ չորացած ճյուղերը վառելու համար ենք բերել»,- ներկայացրեցին նրանք:

Մեղրաձոր խոշորաված համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը փոխանցեց, որ մարզի պատասխանատուները ևս տեղյակ են խնդրի մասին: Նրանք կհանդիպեն գյուղացիների հետ և հարցը կքննարկեն:

«Դե, պետք է պետությունը միջոցներ ձեռնարկի խնդիրները լուծելու համար, մարդիկ վառելափայտի համար գումար չունեն, դեմն էլ ձմեռ է»,- ասաց նա:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս