loader
Ռուբեն Զաքարյանը կրկին ընտրվեց Դարբասի դպրոցի տնօրեն. խոսքը մարզպետարանինն է

Ռուբեն Զաքարյանը կրկին ընտրվեց Դարբասի դպրոցի տնօրեն. խոսքը մարզպետարանինն է

«Հայաստան 24»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 13-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս գյուղում տեղի է ունենալու դպրոցի կառավարման խորհրդի նիստը՝ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու համար: Տեղեկացրել էինք այն մասին, որ սա արտառոց փաստ է, քանի որ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին արդեն կայացել էր այս դպրոցի կառավարման խորհրդի նիստ՝ տնօրենի թափուր տեղի համար, որի հաղթողն էր ճանաչվել Ռուբեն Զաքարյանը: Սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, կառավարման խորհրդի նիստի արդյունքները անտեսելով, հրաժարվել է աշխատանքային պայմանագիր կնքել ընտրված տնօրենի հետ և կառավարման խորհրդի նախագահին կարգադրել է տնօրենի նոր ընտրություններ կազմակերպել: 

Երկրորդ հոդվածում, մեր աղբյուրներին հղում անելով, ներկայացրեցինք Դարբաս գյուղի դպրոցի տնօրենի թափուր աշխատատեղի շուրջ ծավալվող իրադարձությունները: 

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դպրոցում կրկնակի ընտրություններ տեղի ունեցան:

Թեկնածուներից Ռուբեն Զաքարյանը, ում մասին գրել էինք նախորդ հրապարակման մեջ, հավաքել է 7 ձայն. հանձնաժողովի 7 անդամները միաձայն նրան են ընտրել: Մյուս թեկնածուն՝ Վարդիկ Սանթրյանը, ստացել է 0 ձայն, ինչպես նախորդ ընտրություններում: Տիգրան Սանթրյանը, ով նախորդ անգամ ստացել էր 3 ձայն, այս անգամ չէր մասնակցում ընտրություններին: Հիշեցնենք, որ վերջինս համարվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածուն: 

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N319-Ն որոշման դրույթների
տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկություն պետք է ներկայացվի լիազոր մարմին՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ էլ աշխատանքային հինգ օրվա ընթացքում պետք է ուսումնասիրվեն մրցույթի արդյունքները:

Սյունիքի մարզպետարանը, ըստ կառավարության նշված կարգի 32-րդ կետի, հինգ աշխատանքային օրում պետք է ընդունի հետևյալ որոշումներից մեկը՝

1) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը համապատասխանում է ընտրության կարգի պահանջներին,

2) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը չի համապատասխանում կարգի պահանջներին՝ նշելով խախտումները:

Միևնույն ժամանակ, կառավարության կարգի 34-րդ կետը սահմանում է, որ լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով:

«Հայաստան 24»-ը հետևում է այս պատմության հետագա զարգացումներին: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ Սյունիքի մարզպետարանը՝ հանձինս մարզպետ Վահե Հակոբյանի, հնարավոր է անտեսի կառավարության որոշումը, ընտրությունների արդյունքները և առաջնորդվելով բացառապես սեփական ցանկությամբ պայմանագիր չկնքի Դարբասի դպրոցի ընտրված տնօրեն Ռուբեն Զաքարյանի հետ:

Լուսինե Առաքելյան

Լուսանկարը՝ Հետքի

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս