loader
ԹԻ. Կոչ ենք անում հետ կանչել օրինագծերի փաթեթը ԱԺ-ից

ԹԻ. Կոչ ենք անում հետ կանչել օրինագծերի փաթեթը ԱԺ-ից

Հայտարարություն ս.թ․ հունվարի 18-ին ՀՀ կառավարության նիստին «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և այլ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Ս․թ․ հունվարի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել և հավանության է արժանացել սահմանադրական փոփոխություններից բխող «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և նույն փաթեթում ներառված հարակից մի շարք այլ օրենքների նախագծեր:

Վերոհիշյալ օրենքների նախագծերը մինչև18.01.2018թ. հասանելի չեն եղել հանրությանը և միայն օրակարգ մտնելուց հետո են դարձել հասանելի՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները: Մասնավորապես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի օրենքի 27.1-րդ հոդվածի համաձայն՝  օրենքի նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնք իրականացվում են առնվազն ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը հրապարակելու միջոցով: Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացնելիս դրան կցվող փաստաթղթերի ցանկը, որը ներառում է նաև ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են նաև հանրային քննարկումների հետևանքով ստացված դիտողությունները և առաջարկությունները:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հանրային քննարկումների արդյունքները) կառավարության քննարկմանը ներկայացվող օրենքի նախագծերի փաթեթում պարտադիր ներառելու պահանջը ամրագրված է նաև ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 27-ի «ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 39-րդ կետով:

Մինչև կառավարություն ուղարկելը՝ օրենքների նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշմամբ, որով հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/) պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավերը և նախագիծը՝ անհրաժեշտ նյութերով: Ընդ որում, հանրային քննարկման դրված նախագծի վերջնաժամկետը չի կարող  պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը:

Թե՛ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, և թե՛ վկայակոչված մյուս իրավական ակտերը որևէ բացառություն չեն նախատեսում օրենքի նախագծերը մինչև կառավարություն ներկայացելը հանրային քննարկումներ անցկացնելու առումով: Ավելին, բոլոր այդ փաստաթղթերում սահմանված է հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը և նպատակը, այն է՝ մշակված իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումը, նրանցից կարծիքների հավաքումը, քննարկման դրված հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բացահայտումը, այլընտրանքային տարբերակների, հնարավոր ծախսերի, օգուտների և հավանական ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների ստացումը և իրավաստեղծ աշխատանքներում հասարակության մասնակցության ապահովումը և անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի լրամշակման աշխատանքների իրականացումը:

Խիստ մտահոգիչ է առանց նախապես հանրային քննարկման ներկայացնելու՝ նման հապճեպությամբ և օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող իրավաստեղծ գործընթացը՝ անկախ մշակված նախագծերի որակից և բովանդակությունից: Առավել ևս անընդունելի է արդյունավետ կառավարման և հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարություն ուղարկելը ոչ թափանցիկ և ոչ մասնակցային եղանակով՝ անկախ որևէ հիմնավորումից և հրատապությունից: Այս քայլով, փաստորեն, սահմանափակվում է հանրության՝ վաղ փուլում արդյունավետ մասնակցության և որոշումների կայացման վրա ազդեցության հնարավորությունը: Նման մոտեցումը ցույց է տալիս ՀՀ կառավարության անլուրջ վերաբերմունքը օրինաստեղծ գործընթացում և կոռուպցիայի դեմ պայքարում հանրության ներգրավման անհրաժեշտության նկատմամբ:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և, մասնավորապես, ՀՀ վարչապետ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, Կարեն Կարապետյանին հետ կանչել օրինագծերի փաթեթը ՀՀ ազգային ժողովից և ապահովել պատշաճ հանրային քննարկումներ՝ պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները:

Օրինագծերի փաթեթի մասին ԹԻՀԿ առաջարկությունները լրացուցիչ կհրապարակվեն փաստաթղթերը անհրաժեշտ ուսումնասիրության ենթարկելուց հետո:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս