loader
Թող գնա և կինո նկարի. պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Թող գնա և կինո նկարի. պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

«Կենդանաբանական այգին առանց տնօրեն Ռուբեն Խաչատրյանի» կարգախոսով ակցիա է այս պահին տեղի ունենում այգու դիմաց: Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, բնապահպանները և այգու կենդանիների ճակատագրով մտահոգ քաղաքացիները պահանջում են տնօրենի հրաժարականը: Կենդանաբանական այգու նախկին աշխատակից, ակցիայի մասնակից Մանուկ Մանուկյանը Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեց, որ այգու տնօրենը բնապահպանության ոլորտի հետ կապ չունի: Եվ նրա ոչ պրոֆեսիոնալ գործունեության հետևանքով մշտապես կենդանիների անկման դեպքեր են գրանցվել:

«Ինքը ռեժիսոր է, ավելի լավ է գնա և կինո նկարի: Մենք ուզում ենք, որ նա Կենդանաբանական այգու հետ կապ չունենա: Ինքը մասնագետ չլինելով չի էլ փորձում մասնագետներին լսել և հեռացնում է մարդկանց, ովքեր ոլորտին տիրապետում են: Նրա հրահանգներով են աշխատողներն աշխատում, ինչը խնդիրներ է ստեղծում կենդանիների համար»,- նշեց նա:

Օրեր առաջ այգու զեբրը սատկել է: Լաբորատոր հետազոտության տվյալներով՝ կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի պարունակություն: Վերջին գրանցված այս դեպքն էլ քաղաքացիներին և ոլորտի մասնագետներին փողոց է դուրս բերել: Նրանք բողոքում են այգու տնօրենի՝ իրենց բնորոշմամբ կենդանասպան վարքից:

««Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», որի տնօրենն է Ռուբեն Խաչատրյանը, իրականացնում է արջերի փրկության ծագիր, վատ պայմաններից կենդանիներին լավ պայմաններ են տեղափոխում: Երբ ասում եմ, որ տեղ չունենք, տարիքային տարբերություն կա կենդանիների միջև, պետք է տեղը մեծացնել, այսպես ես խնդիրները ներկայացնում եմ, ու նա ուրիշ աշխատակցի հետ գնում, բերում է ու բոլորին նույն տեղը լցնում և տեսնում եք, թե ինչ եղավ: Մանվել Գրիգորյանի արջերը բերեց, բայց տեղ չկար, և արջերը գզեցին մյուսներին»,- ասաց այգու նախկին աշխատակիցը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև տնօրենի կատարած անօրինականություններն են բարձրաձայնում:

«Գնում է, մեքենաներ է առնում այգու համար: Ինչ-որ ժամանակ տալիս է վարձով, աշխատացնում է, հետո մեքենաները տանում է հիմնադրամ: Ձևակերպումներն էլ իր ուզած ձևով է անում, որ սխալներ չլինեն, քանի որ հիմնադրամի հաշվապահը քույրն է, որ թիվը ու ամսաթիվը, երբ ուզում, այնպես էլ գրում են»,- ներկայացրեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս