loader
Զեկույց՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

Զեկույց՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2018թ. առաջին եռամսյակային զեկույց (հունվար-մարտ)

2018 թ. առաջին եռամսյակը խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի, լրագրողական գործունեության սահմանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր։ Ընդդեմ լրատվամիջոցների այս արշավի մեկնարկ կարող է համարվել հունվարին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելը, որով նախատեսվում էր գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ։ Թեև ԶԼՄ-ները, լրագրողական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության մյուս կառույցները սուր քննադատությամբ արձագանքեցին այդ քաղաքական որոշմանը, սակայն փետրվարի 1-ին կառավարությունը հավանություն տվեց այս փաստաթղթին, իսկ մարտի 23-ին Ազգային ժողովն իր արտահերթ նիստին ընդունեց այս օրենքը։

Գործադիր իշխանության որդեգրած փակ աշխատաոճը վարակիչ ազդեցություն ունեցավ մյուս կառույցների համար։ Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը մտադրություն հայտնեց «կանոնակարգել» իր վարչական շենքերում լրագրողների աշխատանքը։ Իրականում այդ առնչությամբ պատրաստված առաջարկությունները նախատեսում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժման և մասնագիտական գործունեություն իրականացնելու խիստ սահմանափակումներ։

Դրա համար պատրվակ ծառայեց նույն օրը՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավիրած լրագրողների կողմից իրականացվող նկարահանումներն անթույլատրելի համարվեցին և արգելվեցին։ Քաղաքապետարանի աշխատակազմի առաջարկած «կանոնակարգումները» լրագրողական հանրության համար անսպասելիորեն օրենքի ուժ ստացան. դրանք ներառվեցին Ազգային ժողովի մարտի 23-ի արտահերթ նիստին ընդունած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում։ Արձագանքելով այս գործընթացին՝ 10 լրագրողական կազմակերպություններ իրենց հայտարարությամբ նշեցին, որ ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակող նոր օրենքը հակասում է ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության սկզբունքներին։

ԱԺ վերոհիշյալ նիստին ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»   ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Սա նույնպես անակնկալ էր լրագրողական հանրության համար, քանի որ 2017-ի նոյեմբերի 16-ին կառավարությունը հավանության էր արժանացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը և որոշել էր այն ուղարկել խորհրդարան։ Մինչդեռ Ազգային ժողովում հայտնվեց գործող օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծ, որը միանգամայն այլ փաստաթուղթ է և լուծում է ընդամենը մեկ՝ 2015-ին ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիր։ Ըստ այդմ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնց նշանակում է Ազգային ժողովը, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կունենա 5 անդամ, որոնց մրցութային կարգով կնշանակի վարչապետը։ Ինչ վերաբերում է տարիների ընթացքում ոլորտում կուտակված բազմաթիվ լուրջ խնդիրներին, ապա դրանք մնում են չլուծված։

2018 թ. հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների վիճակը և ստացել է հետևյալ արդյունքները։ Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել։ Տարատեսակ ճնշումների և խոչընդոտումների դեպքերը 12-ն են, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը՝ 14-ը։

Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ 9 նոր դատական գործ է գրանցվել։ Դրանցից 3-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու, 1-ը՝ լրատվամիջոցի իրավունքը խախտող գործողությունները դադարեցնելու պահանջով, 1-ը՝ ֆինանսատնտեսական վեճ է։

Ավելին՝ այստեղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս