loader
Խորհուրդը որպես այդպիսին չկա, բոլոր որոշումները Երիցյանն է ընդունում. դժգոհություններ՝ Ֆիզիկայի ինստիտուտից

Խորհուրդը որպես այդպիսին չկա, բոլոր որոշումները Երիցյանն է ընդունում. դժգոհություններ՝ Ֆիզիկայի ինստիտուտից

Երևանի Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները պահանջում են փոխել Հոգաբարձուների խորհուրդը: Նրանց խոսքով՝ արդեն 9 տարի խորհուրդը նույն կազմով գործում է և անարդյունավետ աշխատանք է կատարում: Առաջատար գիտաշխատող Ռուբեն Մկրտչյանը Հայաստանի 24-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանի աշխատանքից են դժգոհ: Նա նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն է:

«9 տարի է՝ արդեն գոյություն  ունի այս խորհուրդը, սակայն խորհուրդը որպես այդպիսին չկա, բոլոր որոշումները Երիցյանն է ընդունում»,- դժգոհեց աշխատակիցը:

Մկրտչյանը պատմեց, որ Երիցյանի թեթև ձեռքով Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի աշխատատեղը թափուր մնալուց հետո լաբորատորիայի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, մեկ տարով: Մեկ տարի անց  Հոգաբարձուների խորհրդը առանց մրցույթ հայտարարելու տնօրեն է նշանակել: Նրանք տնօրեն Անի Ապրահամյանի աշխատանքից ևս դժգոհ են:

«Ըստ երևույթին, նա ինստիտուտում լինելու միտք չունի: Եղել է ինստիտուտում մայիսի սկզբին մի քանի օր, վերադարձել է հունիսի 8-ին, շուտով գնալու է և սեպտեմբերին վերադառնա»,- ասաց նա:

Ռուբեն Մկրտչյանի խոսքով՝ տնօրենն իրենց ինստիտուտի գլխավոր ուղղությունը հայտարարել է ինստիտուտի կողքը  գտնվող  Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ցիկլոտրոն սարքի թողարկումը: Մկրտչյանը, սակայն, դրա հետ համաձայն չէ:

«Դա ընդհանրապես մեր խնդիրը չէ: Դա արվելու է բելգիական ֆիրմայի կողմից առանց որևե մեկի միջամտության: Ինստիտուտը ցիկլոտրոնը կարող է օգտագործել ոչ կարևոր աշխատանքների համար, բայց ցիկլոտրոնի գլխավոր նշանակությունն է իզոտոպ արտադրելը: Ցիկլոտրոնի թողարկման հետ կապված գլխավոր խնդիրը ախտորոշման կարիք ունեցող  հիվանդների հոսքը ապահովելն է: Դա  Առողջապահության նախարարության հարցն է, իրենք դրանով զբաղվում են և դա բացարձակապես ինստիտուտի խնդիրը չէ» - ներկայացրեց նա:

Մկրտչյանն և իր գործընկերները այսօր դիմում են Կառավարությանը, որպեսզի փոխվի  Հոգաբարձուների խորհուրդի կազմը, հուսալով, որ նոր կազմը արդյունավետ աշխատանք կկատարի:

 

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս