loader
«Յունիգրաֆ-իքս»-ի հանցավոր անցյալը

«Յունիգրաֆ-իքս»-ի հանցավոր անցյալը

Մայիսի 24-ին ոստիկանությունը նյութ հրապարակեց «Յուրացումներ «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման ընթացքում» վերտառությամբ:

Մասնավորապես՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ: Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ, յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը առիթներ ունեցել է անդրադառնալու «Յունիգրաֆ-իքս» ընկերության գործունեությանը: 

2014 թվականին հրատարակված «Հանցավոր անգործության 7 տարիները. Չոռնի Գագոյի ու Սադոյան եղբայրների գիշատիչ ախորժակը» հոդվածից պարզ է դառնում, որ շուրջ 9 տարի է, ինչ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվում է «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն, որի տարեկան բյուջեն կազմում է 220 մլն դրամ։ 

«Միանգամից փաստենք` թափառող կենդանիների ու հատկապես շների «գնդակահարությամբ» զբաղվող այս ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանին, որի եղբայրը` Արա Սադոյանը, այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է։ Սադոյան եղբայրների քաղաքական կնքահայրը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն է` Չոռնի Գագոն, որը մեծ ավանդ ունի «Յունիգրաֆ Իքս»-ի կայացման և բարգավաճման գործում», - գրում է հոդվածագիրը:

2015 թվականին, կրկին անդրադառնալով Յունիգրաֆ իքս»-ին, ՉԻ-ն գրում է, որ իրենց համար «շատ կարևոր»  թեմաների շարքում առանձնանում է թափառող շների ու նրանց ճակատագրին վերաբերող խնդիրը։ «Երկրորդ անգամ մրցույթը չի կայացել» վերտառությամբ նյութից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված թափառող կենդանիների մասով մրցույթը այս էլ երկրորդ անգամ չի կայանում։     

«Առաջինը տապալվել էր 2014 թվականի  դեկտեմբերի 24-ին. հայտարարված մրցույթի կայանալու արդյունքում պետք է ընտրվեր ընկերություն, որը կզբաղվեր թափառող շների խնդրով։ 

Հիշեցնենք, որ նախկինում այս հարցով զբաղվում,  ըստ այդմ` հայտարարված մրցույթները շահում էր «Յունիգրաֆ իքս» ընկերությունը, որը մսխում էր պետական փողերը, անում ամեն բան՝ դրանք չծառայեցնելու կենդանիների ստերջացման նպատակին. այս աղմուկն այնքան մեծացավ, որ ընկերությունը որոշեց այլեւս չզբաղվել թափառող կենդանիների խնդիրներով», - գրում է հոդվածագիրը:

2016 թվականին հրապարակված նյութում «Գլուխներդ սպանդանոցից որ դուրս հանեք՝ անգրագետ մամուլի հաղորդագրություններ չեք տարածի» հոդվածում կան Յունիգրաֆ-Իքս-ի և թափառող ու անտուն կենդանիների խնդիրներով զբաղվող «Դինգո թիմ» կազմակերպության հաղորդագրությունները, որտեղ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում այն մասին, որ շներին ճիշտ չեն ստերջացրել:

Ի դեպ, թեմային անդրադարձել էր NEWSLine.am-ը: Մեզ հետ զրույցում «ԴԻՆԳՈ» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը նշել էր, որ Յունիգրաֆ Իքս կազմակերպությունը Երևանի փողոցներ է բաց թողնում սուր ինֆեկցիոն հիվանդություններ ունեցող շներi՝ դրանով իսկ վտանգելով թե՛ ընտանի կենդանիներին, և թե՛ մարդկանց, որովհետև կան հիվանդություններ, որոնք մարդկանց համար վարակիչ են: 

Պատրաստեց Լուսինե Առաքելյանը

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս