loader
Զոհված ազատամարտիկի որդին հայտնվել է մանկատանը, իսկ այսօր անօթևան է

Զոհված ազատամարտիկի որդին հայտնվել է մանկատանը, իսկ այսօր անօթևան է

Մինչ ներսում փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ կառավարության հերթական նիստն էր ընթանում, դրսում բողոքող քաղաքացիներն էին:

Նշենք, որ ամիսներ շարունակ կառավարության շենքի դիմաց նստացույց են անում անօթևան մնացած մանկատան սաները: Նրանցից` Սամվել Մանուկյանը, Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց, որ արդեն հինգ ամիս է՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ խնդրելով, որ մանկատան անօթևան մնացած սաներին ապահովեն բնակարաններով, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում իրենց խնդրին: Մանկատան նախկին սանը նշեց, որ անօթևանները շատ են, բայց իրենք խնդրում են, որ կառավարությունը առաջնահերթ ուշադրություն դարձնի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Վիրաբ Պետրոսյանի որդուն` Գոռին, որը հոր զոհվելուց հետո 3 տարեկան հասակում հայտնվել էր մանկատանը:

«Արդեն հինգ ամիս է՝ մեր ընկերը նստացույց է անում կառավարության շենքի դիմաց, վատ եղանակային պայմաններ են, սակայն նա չի ընկրկում, որովհետև նահանջելու տեղ չունի: Բնակարան չունեցող մանկատան սաները շատ են, բայց մենք խնդրում ենք, որ առաջնահերթ Գոռին օգնեն, նրա վիճակը ծայրահեղ է, կինն էլ հաշմանդամ է»,- ասաց նա:

Սամվելի խոսքով` բազմաթիվ սաներ բնակարաններ չունեն, բայց Գոռինն ամենածայրահեղն է և իրենք խնդրում են, որ հաշվի առնելով նրա հոր ծառայությունը հայրենիքին՝ գոնե նրան ապահովեն բնակարանով:

Մանկատան նախկին սաներին զայրացրել էր այն հանգամանքը, որ իրենց մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լսելով խնդրի մասին՝ ասել է, որ ոչնչով օգնել չի կարող:

«Իսկ էլ ո՞վ կարող է, եթե երկրի ղեկավարը չի կարող: Այսինքն` էս մեծ երկրի մեջ մի փոքր սենյակ չե՞ն կարողանա գտնել, որ հոր զոհվելուց հետո որբացած Գոռը պատսպարվի»,- մտահոգություն հայտնեց նա:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս