loader

ԱՄՆ-ում կարճել են Էրդողանի 15 թիկնապահներից 11-ին առնչվող քրգործերը

ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը կասեցրել է քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի թիկնազորի մի շարք անդամների նկատմամբ: Վաշինգտոնում անցած տարի նրանց առաջադրված մեղադրանքների պատճառով դիվանագիտական խութեր էին առաջացել ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններում:

Բռնությունների մեջ մեղադրվող 15 թիկնապահներից 11-ին առնչվող գործը կարճվել է, գրում է «Wall Street Journal»-ը՝ նշելով, թե այդպիսով կվերանա թուրք-ամերիկյան լարվածության աղբյուրներից մեկը: ԱՄՆ դատախազությունն առաջին չորսի մեղադրանքները կարճելու հայցով դատարան էր դիմել դեռ անցած տարվա նոյմբերեին, իսկ այս տարվա փետրվարի 14-ին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցից մեկ օր առաջ կասեցվել էին ևս 7 թուրք թիկնապահներին առաջադրված մեղադրանքները: Նրանց թվում էր նաև Ռեջեփ Էրդողանի թիկնազորի ղեկավարը:

Ամերիկյան դատախազությունը չի հրապարակել մեղադրանքները կարճելու որոշումները և որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Դատախազության գրասենյակն այդ մասին հայտնել է՝ պատասխանելով «Wall Street Journal»-ի հարցմանը:

Ամերիկացի պաշտոնյաների շահերն անվճար պաշտպանող փաստաբանների խոսքով, դատախազության նկատմամբ ճնշումներ չեն եղել, այսինքն՝ այդ կառույցին չեն հարկադրել քաղաքական պատճառներով հրաժարվել առաջադրած մեղադրանքներից: Ըստ նույն աղբյուրի, քննիչները սխալվել են կասկածյալներից մի քանիսի ինքնությունը պարզելու հարցում, նաև չեն կարողացել բավարար ապացույցներ գտնել՝ կապված մյուսների հետ:

Ըստ հրապարակման՝ Անկարա կատարած իր այցի ընթացքում նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ղեկավարների հետ մասնավոր հանդիպումներում ընդգծել է Էրդողանի թիկնազորի անդամներին առաջադրված մեղադրանքները կասեցնելու հանգամանքը:

«Wall Street Journal»-ի մեկնաբանը նշում է, որ Անկարայի հետ հարաբերությունները վերբեռնելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի ջանքերը հանդիպում են մի շարք խութերի, որոնց թվում են Էրդողանի թկնազորի անդամների դեմ Վաշինգտոնում հարուցված քրգործերը և Սիրիայի քրդական ջոկատներին զինելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանք էր առաջադրվել անցած տարվա մայիսին նրա՝ ԱՄՆ այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեացած բախումերից հետո: Էրդողանի թիկնազորի անդամները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Բողոքի ցույցի մասնակիցները հիմնականում քրդեր էին, սակայն այնտեղ էին նաև ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փոխանցում է Ազատությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս