Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը, որքան հնարավոր է շուտ, վերսկսելու ակտիվ բանակցությունները:
Հանդիպմանը շեշտվել է ինտենսիվ բանակցությունների շարունակման կարևորությունը՝ «հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտը»։
«Մամեդյարովը շեշտել է ինտենսիվ բանակցություններ վարելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով», ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հաջիևը։