loader
Սաակաշվիլի. Պայքարելու եմ մինչև վերջ

Սաակաշվիլի. Պայքարելու եմ մինչև վերջ

Ուկրաինայից վտարված Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ.

«Ես պայքարելու եմ կոռուպցիայի և Ուկրաինայում՝ կոռումպացված օլիգարխների դեմ մինչև վերջ»:

Սաակաշվիլին, ում ավելի վաղ նախագահ Պորոշենկոն զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, պնդում է, որ իր վտարումը հակասում էր միջազգային իրավունքին.

«Նա ինձնից վախենում է: Վախենում է ոչ թե որովհետև ես ունեմ խոշոր գումարներ կամ բանակ կամ ազդեցիկ տանիք, այլ որովհետև ինձ անհնար է գնել»:

Սաակաշվիլիի գլխավորած շարժումը մարտի 18-ին նախատեսում էր Կիևվում հերթական հակակոռուպցիոն երթն անցկացնել, որին, վտարված քաղաքական գործչի խոսքով, միանալու էին հասարակության տարբեր խմբեր:

Հատկանշական է, որ Ուկրաինայի ընդդիմադիր տարբեր ուժեր պարբերաբար քննադատել են Սաակաշվիլիի փողոցային պայքարը՝ նշելով, որ այն շեղում է հասարակության ուշադրությունն ավելի կարևոր ընդդիմադիր օրակարգից և ի սկզբանե ձեռնտու է երկրի գործող իշխանություններին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը:

Հիշեցնենք, Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին զրկել էին քաղաքացիությունից դեռևս 2017-ի սեպտեմբերին, որից հետո քաղաքական գործիչն այնուամենայնիվ մուտք էր գործել Ուկրաինա՝ աջակիցներով շրջապատված: Ի պատասխան մեղադրանքների՝ Սաակաշվիլին կոչ է անում իրեն դատել Ուկրաինայում.

«Ցանկանում եք ինձ դատե՞լ: Ինչպե՞ս եմ Ուկրաինայում դատարան այցելելու, թե՝ ինձ հետախուզման մեջ եք հայտարարելու: Ահա, ես այստեղ եմ, վերադարձրե՛ք ինձ Ուկրաինա, ես ցանկանում եմ դատվել Ուկրաինայում»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս