loader
Գրիգորյան. Թրամփը փորձում է ցույց տալ, որ իր խոսքի տերն է

Գրիգորյան. Թրամփը փորձում է ցույց տալ, որ իր խոսքի տերն է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սրան մի շարք իրադարձություններ հաջորդեցին:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 8 անդամ երկրները խնդրեցին արտահերթ հանդիպում անցկացնել

Գազայում իշխող «Համաս» շարժումը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, «բացում է դժոխքի դարպասները»:

Երուսաղեմի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը չի նպաստում մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը։ Այն առաջ է բերել պաղեստինցիների սուր արձագանքը և մեծապես բարդացրել է իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Թե հետագա ինչ զարգացումներ կհետևեն Թրամփի որոշմանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Հայաստան 24»-ի հետ զրույցում նշեց, որ Թրամփի որոշման արձագանքների բովանդակությունը բացասական է, առավել ևս իսլամական երկրների: 

«Արձագանքը բացասական է, հետևաբար չեմ կարծում, որ հետևանքներն էլ հօգուտ Միացյալ Նահանգների կլինեն: Չգիտեմ, Թրամփն ինչ հաշվարկներով է առաջնորդվում, բայց այն, որ իսլամական աշխարհն այս հայտարարությունը սրերով է դիմավորելու, միանշանակ է: Հիմա այլ գործընթացներ են տեղի ունենում, դեսպաններ են կանչվում, օրինակ, Իրաքում ԱՄՆ դեսպան է կանչվել ԱԳՆ պարզաբանման համար: Այս միտումները կշարունակվեն: Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս էլ ավելի մեծ լարվածություն կնկատվի», - ասաց Գրիգորյանը: 

Խոսելով այն մասին, թե կոնկրետ ինչ բնույթի հետևանքներ կունենա Թրամփի որոշումն ԱՄՆ-ի վրա, արաբագետն ընդգծեց.

«Եթե կոնկրետ տարածաշրջանն ենք նայում, այստեղ վստահելիության լուրջ պակաս կլինի: Տարածաշրջանում, եթե մինչ այդ Միացյալ Նահանգները փորձում էր իր համար ինչ որ ուժեր առանձնացնել և նրանց հետ կառուցել ինչ որ գործընթացներ, ասենք, արաբական որոշ երկրների հետ, այստեղ արդեն Միացյալ Նահանգների հեղինակությունն ու վստահությունը կնվազի այս երկրների կողմից, հետևաբար սրանից բխող նաև և՛ քաղաքական, և՛ տնտեսական ազդեցություններով և հետևանքներով:

Թրամփը կարծես թե փորձում է ցույց տալ, որ ինքը կարողանում է իր խոսքի տերը լինել, բայց սա ռեալ պոլիտիկ չի: Նման սկզբունքներով առաջնորդվելու համար մերօրյա քաղաքականությունում դու պետք է դրա համար ունենաս բավական լուրջ, հիմնավորված բազա: Միայն առանջնորդվել նրանով, որ ցույց տաս, որ ԱՄՆ անցած վարչակարգերից տարբերվում ես նրանով, որ կարողանում ես քո խոսքի տերը լինել, սա բավարար չի: Երբ որ Թրամփը հաշվարկի իր այս որոշման հետևանքները, նոր կզգա՝ որոնք են եղել իր բացթողումները և սխալ հաշվարկները», - հավելեց Գրիգորյանը:

Իսրայելում հայկական բավական մեծ համայնք կա, արդյոք կարո՞ղ ենք որոշակի  մտավախություներ ունենալ նրանց անվտանգության կամ այլ հարցերի հետ կապված դիտարկմանը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. 

«Չասենք Իսրայելում, բայց տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է: Սա կարծես թե հերթական գործողությունն էր գերտերության կողմից, որը միտված չէր լարվածությունը թոթափելուն, հակառակը, ավելի շատ է սրում հարաբերությունները տարածաշրջանում և նույն տարածաշրջանի առանձին երկրների հետ: Առանձին համայնքները չվերցնենք, բայց երկրներում բավական լուրջ գործընթացներ են, բողոքի զանգվածային ակցիաներ են, հետևաբար այդ երկրներում որոշակի լարված իրավիճակ է ստեղծվել: Տեսնենք հետագան ինչ ցույց կտա և ինչպիսին կլինի ԱՄՆ-ի արձագանքը: Ճիշտ է, Թրամփը հայտարարություն մեջ նշեց, որ կողմնակից է, որ սահմանագծման գործողությունները շարունակեն երկու կողմերն էլ և սրանով չի մատնանշում, թե որ ուղղությամբ պետք է հանգուցալուծվի արաբա-իսրայելական հակամարտությունը, բայց ակնհայտ է, որ սա լրացույցիչ լարվածություն է ստեղծելու է և մենք սրա հետևանքները շուտով կտեսնենք», - եզրափակեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս