loader
Վրաստանի ֆինանսների նախարարը կանխատեսում է 1 մլրդ լարի (շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար) եկամուտ մարիխուանայի արտահանումից

Վրաստանի ֆինանսների նախարարը կանխատեսում է 1 մլրդ լարի (շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար) եկամուտ մարիխուանայի արտահանումից

Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին ասել է, որ եթե կառավարությունն իրագործի արտահանման նպատակներով մարիխուանայի մշակման հարցով բարեփոխումները, մոտ ապագայում Վրաստանը կարող է ակնկալել անվազն 1 մլրդ եկամուտ:

Նախարարը այդ հայտարարությունը արել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրուցի ընթացքում՝ նկատելով, որ Վրաստանը կարող է դառնալ նշանակալի խաղացող այդ շուկայում, քանի որ այն առնչվում է նոր տեխնոլոգիաների հետ:

Նա ասել է, որ թեև, կանեփի մշակույթը հին է, սակայն արդյունաբերությունը՝ նոր, և նշել է Վրաստանի կառավարության ցանկությունը գործել նոր զարգացումների հետ համընթաց:

«Մենք ցանկանում ենք ավելացնել արտահանման մեր ներուժը և վաստակել նշանակալի եկամուտ, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսության համար»,- նշել է նա:

Մաչավարիանին հաստատել է, որ կանեփի մշակումը տեղի է ունենալու միայն արտահանման և բժշկական նպատակների համար: Նա նաև նկատել է, որ այսօր դժվար է հաշվարկել, թե որքան եկամուտ կունենա Վրաստանը:

«Մենք կարծում ենք, որ շուրջ 2 մլրդ լարի եկամուտ կունանք առաջիկա 2-3 տարվա ընթացքում, սակայն ես ուրախ կլինեի, եթե այդ թիվը լիներ ավելի բարձր»,- ասել է նախարարը:

2 շաբաթ առաջ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ ծրագրում է օրինականացնել մարիխուանայի մշակումը միայն արտահանման, դեղագործական և կոսմետիկ նպատակների համար: Օրինագծի նախագիծը ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվել էր Վրաստանի կառավարությանը: Նախագծի համաձայն՝ մարիխուանայի արտադրությունը հայտարարվելու է որպես արտոնագրի ենթակա գործունեություն:

Ենթադրվում է, որ արտոնագիրը վերաբերելու է արտադրության վայրին, քանակներին և մարիխուանայի արտադրության հետ առնչվող այլ հարցերին: Վրաստանի ներիքին գործերի նախարար Գիորգի Գախարիան նշել էր, որ ստեղծվելու է հատուկ գործակալություն, որը տրամադրելու է մարիխուանայի մշակման արտոնագիր:

«Գործակալությունը հաստատելու է, թե ինչ պայմաններով է տրամադրվելու արտոնագիրը, որը տրվելու է արտադրության, աճեցման, մշակման համար: Դա պետք է լինի հստակ կարգավորվող գործունեություն, որը ունենալու է կարգավորող մարմին՝ ամենախիստ և արդյունավետ վերահսկողական մեխանիզմներով»,- ասաց նախարարը:

Խնդրի վերաբերյալ իր ուրույն դիրքորոշումն ունի Վրաց Ուղղափառ եկեղեցին, որը քննադատում է այս նախաձեռնությունը: Ամենայն վրաց Կաթողիոկս Իլիա II, մասնավորապես, կոչ էր արել մեծ պատասխանատվությամբ վերաբերել հարցին:

Կաթողիկոսի քննադատությունից հետո Վրաստանի Խորհրդարանի նախագահը առաջարկեց օրինագծի քննարկումը խորհրդարանում հետաձգել՝ նախաձեռնելով լայն հասարակության շրջանում լրացուցիչ քննարկումներ: Սպասվում է, որ օրնագիծը կրկին կներկայացվի Խորհրդարան հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս