loader
«Ամենաաննախադեպ խախտումը դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ հաշվեհարդարն էր»

«Ամենաաննախադեպ խախտումը դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ հաշվեհարդարն էր»

«2017 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամփոփելու համար ճիշտ կլինի ասել, թե որ իրավունքները չեն խախտվել, իսկ այդպիսիք չկան», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը

Պատգամավորը հատկապես առանձնացրեց Հայաստանում արդար դատաքննության իրավունքի պաշտպանվածության խնդիրը: 

«Եթե մարդը կարիք ունի դատական պաշտպանության իրավունքի, արդեն իսկ խախտված է  նրա արդար դատաքննության իրավունքը Հայաստանում, որովհետև Հայաստանում ստեղծված չեն արդյունավետ կառուցակարգեր այդ իրավունքի պաշտպանության համար: Շատ մտահոգիչ է նաև անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի վիճակը Հայաստանում՝ կալանքները, ձերբակալությունները: Պահման պայմանները նախնական կալանքի և քրեակատարողական հիմնարկներում անմարդկային վերաբերմունքը համատարած է: Եթե անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում կարելի է ասել արդեն, որ նա ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի: Այն պայմանները, որոնք կան անմարդկային են»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է ընտրական գործընթացներում գրանցված խախտումները: 

«Այս տարի իշխանությունները կարողացան հասնել նրան, որ եղավ ոչ թե ընտրություն, այլ եղավ քվեարկություն: Քվեարկում է հպատակը, ընտրում է քաղաքացին»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում այս տարի ևս չի փոխվել:

«Եթե համեմատության մեջ դնենք նախորդ տարվա հետ, ապա խաղաղ հավաքների այդպիսի զանգվածային խախտումներ չեն եղել, ինչո՞ւ, որովհետև խաղաղ հավաքներ չեն եղել»,– ասաց նա: 

«Ինձ համար զարմանալի է, որ լրագրողների նկատմամբ բռնություններն այս տարի ավելի շատ են եղել, քան անցած տարի և լրագրողների նկատմամբ խախտումների համար որևէ մեկը պատիժ չի կրել: Բայց այս տարվա ամենաաննախադեպ խախտումը, որ տեղի է ունեցել Հայաստանում, դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ հաշվեհարդարն էր»,-ասաց Իշխանյանը: 

Իրավապաշտպանն առանձնապես ակնկալիքներ չունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության բարելավման հարցում ՀՀ-ԵՄ նոր ստորագրված համաձայնագրից:

«ԵՄ-ն կարող է աջակցել միայն Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավար պետության իրավական պետության կայացմանը, բայց հույս դնել, որ Արևմուտքի «ձյաձյաները» պետք է գան և մեր փոխարեն իրավիճակը փոխեն, դա պատրանք է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են համակարգային, ոչ թե առանձին դեպքերով:

Ասուլիսին մասնակցող, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանի խոսքով՝ այս տարի ՄԻՊ գրասենյակ ստացված բողոք հայցադիմումների թիվն ավելացել է, ինչը խոսում է մարդկանց իրազեկվածության մասին: 

«Որպես կարևորագույն մարտահրավեր ցանկանում եմ առանձնացնել իրավակիրառ պրակտիկան, մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում օրենքները բավականին լավ են գրվում, դրանք կատարելագործվում են, սակայն մարտահրավեր է՝ օրենքի կիրառությունը: Այստեղ խնդիրը հիմնականում օրենքը կիրառող իրավասու անձանց, մասնագետների վերապատրաստումների և իրազեկման խնդիրն է»,- ասաց Լուսինե Սարգսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս