loader
Արթուր Դավթյանը ներկայացրեց Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցները

Արթուր Դավթյանը ներկայացրեց Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցները

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցները:

Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծաթիվ զենքեր, ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: Բացի այդ, հայտնաբերվել են դպրոցականների կողմից բանակի համար հավաքված օգնության տրցակներ՝ զինվորներին ուղղված նամակներով: Գլխավոր դատախազը նշեց, որ խուզարկության արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կառույցներում հայտնաբերվել է նաև «Զինվորի բաժին» գրությամբ սննդատեսակ, որը միայն բանակի համար է մատակարարվում: Զինվորների համար նախատեսված սնունդը բաժին է հասել Գրիգորյանին պատկանող արջերին ու այլ կենդանիներին:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է իր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

«Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասաց նա:

Գլխավոր դատախազը նաև ներկայացրեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս