loader
Արթուր Սաքունց. Հոկտեմբերի 27-ի գործով վկաներ են վերանում, բայց գործը հնարավոր է բացահայտել  

Արթուր Սաքունց. Հոկտեմբերի 27-ի գործով վկաներ են վերանում, բայց գործը հնարավոր է բացահայտել  

Այսօր հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ի գիշերը Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Էդիկ Գրիգորյանը: Նա դժգոհել է սրտի շրջանում ունեցած ցավերից, ինչի կապակցությամբ շտապ օգնություն են հրավիրվել և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Հիշեցնենք, որ Էդիկ Գրիգորյանը խոստացել էր գործի հետ կապված կարևոր բացահայտումներ անել: 

Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի անմիջական կատարողներ Նաիրի և Կարեն Հունանյանները շարունակում են իրենց պատիժը կրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Վերջիններիս քեռին՝ Վռամ Գալստյանը, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում: Դերենիկ Բեջանյանը շարունակում է պատիժը կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Համլետ Ստեփանյանը, որը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, մահացել է սրտի կաթվածից 2010 թ-ի մայիսին: Նորայր Եղիազարյանը մինչև դատավճիռի կայացումը էլեկտրահարվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում: Աշոտ Կնյազյանը ևս դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Այսպիսով՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործոության կատարողներից մի մասն արդեն իսկ կնքել են իրենց մահկանացուն: Արդյոք սա չի նպաստի նրան, որ բազում հարցականներով, սակայն «բացահայտված» ոճրագործության պատվիրատուների անունները և կատարման դրդապատճառները անհայտ մնան հասարակության համար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Hayastan24.com-ի հետ զրույցում նշեց, որ գործի բացահայտման համար ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ, ուրիշ ոչինչ:

«Եթե հենց այս պահին քրեական գործի հիմքերը ուսումնասիրեն և նորից քննարկեն, ապա իմ համոզմամբ առավել քան բավարար հիմքեր կան գործը նորից քննության առնելու: Տարիներ առաջ, երբ մահացավ Հունանյանների քեռին, նա ևս որոշ տվյալներ հաղորդել էր հարցազրույցներում, մեկնաբանություններում: Այնպես որ կամքի առկայության դեպքում, եթե շահագրգռվածություն լինի, ապա հանգամանքների հիմքով կարող են գործի նոր քննություն սկսել և նորից ուսումնասիրության առարկա դարձնել: Խնդիրը միայն գործով մեղադրյալ ճանաչվածների հետ չի: Կան նաև ողջեր. նույն Ալեքսան Հարությունյանը և այլ մարդիկ, որոնք գտնվում են դրսում: Նրանք կարող են բազմաթիվ այլ տվյալներ հաղորդել: Բայց երբ չկա իշխանության ձգտումը գործն ամբողջությամբ և բազմակողմանի քննելու, բնականաբար լինելու է այս պատկերը», - ասաց իրավապաշտպանը:

Վերջինս անդրադարձավ նաև ՔԿՀ-ներում Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող մարդկանց մահվան դեպքերին.

«Էդիկ Գրիգորյանի և մյուսների մահվան դեպքերը խոսում են այն մասին, որ իրապես ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծվում ազատազրկվածների համար: Մեկը հոսանքահարումից է մահանում, մեկը՝ դժբախտ պատահարի հետևանքով, իսկ մյուսն էլ բավական լուրջ հիվանդության դեպքում պահվում է առանց համապատասխան բուժօգնության: Ըստ էության՝ քիչ է, որ մարդիկ մեղավոր են ճանաչվել ծանր հանցագործության մեջ, նրանք նաև երկրորդ պատիժն են կրում՝ անմարդկային վերաբերմունքի պատճառով: Բնական է նաև, որ դրանով հնարավոր հանցագործության կազմակերպիչների մասով վկաներ են վերանում և իմաստը հանցագործության կոծկումն է: Բայց նորից եմ կրկնում, եթե նույնիսկ այդ մարդիկ էլ չլինեն, դրսում գտնվող մարդիկ կան, որոնք էական հանգամանքների մասին են խոսել և եթե ցանկություն լինի, ապա նոր ի հայտ եկած հանգամանքներրի ձևակերպմամբ և հիմքով կարող են գործի նոր քննություն սկսել կազմակերպիչների մասով», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Հ. Գ. Նշենք նաև, որ Հոկտեմբերի 27-ի գործին առնչություն ունեցող մի շարք մարդիկ ամենատարբեր հանգամանքներում ևս կնքել են իրենց մահկանացուն:

ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը գործով կալանավորված անձանցից մեկն էր, ով ազատ արձակվեց և մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին՝ ուշքի չգալով մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա պատահած ավտովթարից հետո:

ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը գործով անցնող վկաներից էր, տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ ավտովթարից մահացավ 2004թ. սեպտեմբերի 1-ին:

Հասմիկ Աբրահամյանը ԱԺ արձանագրային բաժնի աշխատակցուհի էր, գործով վկա, ինքնասպան եղավ 2004թ.:  Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ 

Հոկտեմբերի 27-ի գործով անցնող առանցքային վկաներից Հ1-ի լրագրող Տիգրան Նազարյանը վախճանվել է 2014-ին ԱՄՆ-ում:

Լուսինե Առաքելյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս