loader
Եթե արդար ընտրություններ ենք ուզում, ՀՀԿ-ի լիազորությունները պետք է դադարեցվեն. քաղաքագետ

Եթե արդար ընտրություններ ենք ուզում, ՀՀԿ-ի լիազորությունները պետք է դադարեցվեն. քաղաքագետ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներում առաջարկվում է, որ ընտրությունների ժամանակ խորհրդարան անցնելու անցողիկ շեմն իջեցվի: Նախատեսվում է, որ կուսակցությունների դեպքում շեմը 5 տոկոսից պետք է իջեցվի 4-ի, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից 5-ի:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ կուսակցությունների դեպքում նույնիսկ շեմը կարելի է 3-ի հասցնել:

«Անցումը խորհրդարանական կառավարման համակարգի իր մեջ պարունակում է կուսակցական բազմազանություն: Հաշվի առնելով, որ շատ կուսակցություններ ակտիվ են, բայց ռեսուրս չունեն, պետք է հնարավորություն տալ ավելի հեշտ մտնել Ազգային ժողով, քանի որ ոչ միայն ազատ, արդար ընտրություններ պետք է կազմակերպել, այլև օրենքում ներդնել այնպիսի դրույքներ, որ ավելի շատ ֆրակցիա ունենանք: Մենք կարող ենք արդար ընտրություն անցկացնել և մի կուսակցություն անցնի, պարզ է՝ բազմակուսակցության համակարգում դա իրոք լուրջ մարտահրավեր կլինի: Կարևոր է, որ ոչ թե այդ կուսակցությունները փոքր թվով լինեն, այլ՝ 5-7, դա համապատասխանում է պառլամենտական սկզբունքներին»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ միայն անցողիկ շեմի նվազեցումը քիչ է:

«Մենք ունեինք 131 պատգամավորներ, վերջին ընտրությունների ժամանակ նախկին իշխանությունները 101 սարքեցին թիվը, իսկ այդ դեպքում 3-4 ֆրակցիայից ավել չի կարող լինել, ինչը շատ վտանգավոր է պառլամենտական համակարգի համար»,- նկատեց նա:

Քաղաքագետը կողմնակից չէ նախընտրական դաշինքների գոյությանը: Փորձը ցույց է տալիս, որ այդ դաշինքներն իրավիճակային են:

«Պառլամենտ մտնելուց հետո քանդվում են՝ իրար տալիս են: Պառլամենտ մտնելուց հետո պետք է կոալիցիաները խրախուսվեն: Անպայման պետք է ընտրությունների մասնակցության համար կուսակցությունների համար նախատեսվածի գրավի շեմն իջեցնել»,- առաջարկեց նա:

Ստեփան Գրիգորյանը չի կիսում այն կարծիքը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում քննարկման մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունն է պետք՝ հաշվի առնելով, թե այդ կուսակություններն ինչպես են ընտրվել:

«Հանրապետական կուսակցությունում լիքը տարօրինակ մարդիկ և կոռուպցիոներներ կան: Ինչո՞ւ պետք է նրանց առաջարկած տարբերակը փաթաթվի ժողովրդի վզին: Ժողովուրդն իրենց դեմ է, նրանք պետք է ենթարկվեն և սուս ու փուս քվեարկեն: Ամբողջ ազգը չպետք է գերի դարձնենք այդ կուսակցության ձեռքերում: Եթե մենք ուզում ենք արդար ընտրություն անցկացնել, Հանրապետական կուսակցության լիազորությունները պետք է ժամանակավորապես դադարեցնել: Ոչ մի կոնսենսուս պետք չէ, հանրապետականները պարտավոր են քվեարկել առաջարկվող տարբերակին»,- շեշտեց Գրիգորյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս