loader
Գաղտնալսելու շարժառիթն իմ հրաժարականն է. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել

Գաղտնալսելու շարժառիթն իմ հրաժարականն է. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել

Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Արթուր Վանեցյանը:

«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- հավելեց ԱԱԾ տնօրենը:

Հարցին՝ պատվիրատուները Հայաստանի՞ց են, Արթուր Վանեցյանը  դրական պատասխան տվեց:

«Գաղտնալսման պատվիրատուն մեկն է և «լայն» ճանաչում ունի»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

Նրա մեկնաբանմամբ՝ գաղտնալսելու շարժառիթը եղել է իր հրաժարականը:

«Շարժառիթն այն է, որ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացներ, թուլացնեին և այլն: Հիմնական նպատակը եղել է իմ հրաժարականը, և մամուլում, որոշ լրատվամիջոցներում հարձակումները, հրապարակումների 90 տոկոսը սուտ են, և դա խոսում է այն մասին, որ փորձում են իմ ու ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել: Ֆեյքերը, որոնք ստանում են աշխատավարձ, նրանք հստակ Վանեցյանին և ԱԱԾ-ին վարկաբեկում են»,- ասաց Վանեցյանը:

Նա փակագծեր բացեց և մանրամասնեց, որ եղել է ռոումինգում և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէր, այսինքն՝ չի գաղտնագրվել ու այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումն իրականացնել:

Նա պնդեց, որ դատավորի հետ չի խոսել և նշեց, որ վախենալու և թաքցնելու ոչինչ չունի:

«Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ և կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել՝ այդ նկարները։ Սաղ կա և տրամադրված է քննությանը։ Այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է։ Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում»,- եզրափակեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս