loader
Ի՞նչ է անցումային արդարադատությունը

Ի՞նչ է անցումային արդարադատությունը

Հայաստանի ե իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, փաստաբան  Կարեն Զադոյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, թե ինչ  է անցումային արդարադատությունը:

«Հայաստանում անցումային արդարադատության ներդրման ռազմավարությունը, ակնկալվող արդյունքները և հնարավոր ռիսկերը քննարկելու համար մի քանի օր առաջ արդարադատության նախարար Արտակ Զեյնլայանի հետ ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում առաջարկել եմ առաջիկայում կազմակերպել քաղաքացիական հասարակություն - կառավարություն ձևաչափով համաժողով: Քանի որ երեկ կայացած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանում անցումային արդարադատության ներդրումը, ցանկանում եմ սույն գրառմամբ ներկայացնել Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմի կողմից պատրաստած հակիրճ տեղեկատվական տեղեկանքը անցումային արդարադատության վերաբերյալ.

Հակիրճ տեղեկանք անցումային արդարադատության վերաբերյալ

Հասկացությունը և ընդհանուր նկարագիրը.

Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով: Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը: 

Անցումային արդարադատությունը չի կարող համարվել արդարադատության իրականացման հստակ և «փափուկ» ձև: Այն համարվում է արդարադատության հասնելու մոտեցումների հանակարգ: Անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների և կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ և պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են և մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգը ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Հարկ է նշել, որ նման խախտումները պետք է ոտնձգեն մարդկանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների դեմ:
Անցումային արդարադատությունը հիմնվում է տուժողներին հասցված վնասի փոխհատուցման վրա: Այդպիսով՝ մարդը, այս դեպքում՝ տուժողը և նրա արժանապատվությունը դիտվում են որպես առաջնահերթություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ զերծ պահելու մարդկանց սեփական իշխանությունների չարաշահումներից և ապահովելու վերջիններիս անվտանգությունը: 

Անցումային արդարադատության մասին խոսելիս պետք է նախևառաջ պարզել՝ արդյո՞ք պետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք ընձեռնվել է հնարավորություն լուծելու ծանր կամ կոպիտ բնույթ ունեցող խախտումները, անգամ եթե այդպիսի հնարավորությունը սահմանափակ է: 
Այդպիսի հնարավորություններն ամենից հաճախ ծագում են խաղաղ գործընթացներում, որոնք ուղղված են լուծելու ռազմական բախումները, երբ օրինակ՝ բանակցող կողմերը կարող են վեճի լուծման համաձայնության մեջ ներառել արդարադատությանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ հարցերը կարող են արտահայտել քաղաքացիական հասարակության և տուժածների խմբերի պահանջները, որոնք զբաղվում են արդարադատության հարցերով: Այդպիսի օրինակների թվին են դասվում Կոլումբիան, Գվատեմալան, Սալվադորը, Սիերա-Լեոնեն, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Լիբերիան, Հարավային Սուդանը, Ֆիլիպինները, Նեպալը և այլ երկրներ: Այս երկրներից մի քանիսում ռամզական կոնֆլիկտը ուղեկցվում էր նաև երկրում տիրող ռեպրեսիվ ռեժիմի հետ:

Անցումային արդարադատության նպատակը.

Անցումային արդարադատության նպատակները կարող են բազմաթիվ լինել կախված իրավիճակից, սակայն հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հարգվի առանձին անձանց արժանապատվության իրավունքը, վերացվեն անձանց իրավունքների խախտումները և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն դրանց հետագա կրկնությունը բացառելու համար: Արդյունքում պետք է վերականգնվի արդարությունը, խաղաղություն հաստատվի հասարակության և իշխանությունների միջև, ինչպես նաև վերականգնվի հասարակական վստահությունը պետության հանդեպ: 

Կարելի է ասել, որ անցումային արդարադատությունը նպատակ է հետապնդում ստեղծել հաշվետու ինստիտուտներ, որոնց գոյության և գործունեության շնորհիվ կվերկանգնվի սոցիալական վստահությունը: Բացի այդ, այն միտված է ավելի մատչելի դարձնել արդարադատությունը խոցելի և հանցագործությունից տուժած անձանց համար:

Անցումային արդարադատության ղեկավար սկզբունքները. 

Համապարփակություն: Անցումային արդարադատության միջոցները առավել արդյունավետ են, երբ դրանք փոխլրացնում են միմյանց անցումային արդարադատության ռազմավարության շրջանակներում: Յուրաքանչյուր միջոց ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրա արդյունավետությունը կոնկրետ իրավիճակի վրա, տեղական առաջնահերթությունները, սահմանափակումները և հնարավորությունները:

Թափանցիկություն, անկախություն և անաչառություն: Անցումային արդարադատության միջոցները պետք է ընդունվեն որպես իրավաչափ նախևառաջ տուժողների և, ընդհանուր առմամբ, ամբողջ հասարակության կողմից: Պետական հաստատությունների նկատմամբ վստահության ցածր մակարդակը շատ հաճախ հանդիպում է այն հասարակություններում, որոնք ժառանգել են դաժան վերաբերմունք իշխանությունների կողմից: Անցումային արդարադատության միջոցները պետք է մշակվեն և ներդրվեն այնպես, որպեսզի ցույց տրվի, որ դրանք անկախ են լինելու քաղաքական մանիպուլացիայից և արտաքին միջամտությունից, արդար և հավասար են վերաբերվելու բոլոր կողմերին և բաց են լինելու հանրային վերահսկողության համար: Առանց այս կառուցվածքային երաշխիքների քիչ հավանական է, որ հասարակությունը կստահի նշյալ ինստիտուտներին, իր գործընթացներին և եզրակացություններին: Դա կարող է հանգեցնել իշխանության նկատմամբ վստահության վերականգնման անհնարինության և վնասել հաշտության հաստատման հնարավորությանը, կամ էլ նոր վեճի առիթ լինել: 

Խորհրդատվական և ակտիվ մասնակցություն: Խորհրդատվությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խիստ կարևոր են անցումային արդարադատության մշակման և ներդրման գործում: Շահագրգիռ անձինք կարող են ներառել փոքրամասնությունների խմբեր, սփյուռքի ներկայացուցիչներ, անձինք, որոնք գտնվում են իշխանությունից դուրս, տեղական ինքնակառավարման մարմիններ, խոցելի խմբեր, ինչպիսիք են՝ կանայք, երիտասարդները, էթնիկական փոքրամասնությունները, տուժողները և այլն: 

Գենդերային ներգրավումը: Գենդերային պատկերացումները պետք է ինտեգրվեն անցումային արդարադատության բոլոր նախաձեռնություններում: Գենդերային արդարության ապահովումը նշանակում է ոչ միայն սեռական և գենդերային բռնության անպատժելիության վերացման և կանխման հնարավորություն, այլ նաև մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների փոխհատուցման հավասար մատչելիության ապահովում հետբախումնային բարեփոխումների շրջանակներում: 

Պայմանավորվածություն համատեքստից: Անցումային արդարադատության ձեռնարկված միջոցները պետք է համապատասխանեն մշակութային, դատական, իրավական և տնտեսական համատեքստին: Դրանց ձևավորումը պետք է կատարվի այնպես, որ համարժեք լինի մի կողմից չարաշահումների և խախտումների ծավալին ու բնույթին, մյուս կողմից տուժողների առաջնահերթություններին և պահանջներին: 

Փոխհամագործակցություն քաղաքացիական հասարակության հետ: Քաղաքացիական հասարակության խմբերը հաճախ հանդիսանում են այն գործընկերները, որոնք աջակցում են արդարությանն ու հաշվետվողականությանը, անցումային արդարադատության հարցերի վերաբերյալ իրազեկմանը, նոր պետականության ձևավորմանը և մարդու իրավունքների նկատմամբ հետևողականության զարգացմանը, բարեփոխումների գործընթացների վերապատրաստմանը: Այն դեպքերում, երբ կառավարությունները այդքան էլ պատրաստակամ չեն անցումային արդարադատությանը ներգրավվելու հարցում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են առաջնորդել գործընթացներ՝ կառավարություններին իրենց համապատասխան պարտավորությունների մասին հիշեցնելով, ինչպես նաև նպաստել ճշմարտությունների ոչ պաշտոնական փնտրտուքներին, ինչպիսիք են՝ քաղաքացիների հանձնաժողովները, արվեստի ցուցադրությունները կամ այլ գեղարվեստական արտահայտչամիջոցները բռնության և դաժան վերաբերմունքի պատմության առնչությամբ, որոնք աշխատում են համայնքների հետ նպաստելու հաշտեցման ավանդական գործընթացներիին: 

Վնաս չպատճառելը: Անվտանգ միջավայրը որոշիչ նշանակություն ունի անցումային արդարադատության գործընթացների համար: Չնայած այն հանգամանքին, որ լրիվ և ամբողջական անվտանգությունը կարող է պահանջել երկարաժամկետ համակարգային բարեփոխումներ, կարևոր է հաշվի առնել տուժողների, վկաների, փաստաբանների, դատախազների, դատավորների, կոմիսարների և անցումային արդարադատության աշխատակիցների անվտանգությունը: Պետք է հաշվի առնել, որ մասնակիցների անվտանգությունը չի կարող ապահովվել և թափանցիկ լինել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հարաբերվում են անցումային արդարադատության գործընթացներին հստակ պատկերացնեն հնարավոր ռիսկերը: 

Ակնկալիքների կառավարում:

Անցումային արդարադատության մեխանիզմները իրենից ներկայացնում են գործիքների մի ամբողջ համակարգ, որոնք կարող ենք օգնել բավարարել անցումային շրջանում գտնվող հասարակությունների պահանջմունքները: Այնուամենայնիվ անցումային արդարադատությունը չի համարվում հասարակության բոլոր պահանջմունքների և խնդիրների լուծման միջոց: Ուստի՝ կարևոր է կառավարել դրա հետ կապված ակնկալիքները, կապված նրա հետ, թե ինչպես են գործելու արդարադատության մեխանիզմները և ինչ պետք է ակնկալել դրանց գործադրումից: Դա կնպաստի անցումային արդարադատության նպատակների առավելագույն իրագործմանը:

Անցումային արդարադատության կիրառման մեխանիզմները և խոչընդոտները.

Ոչ միշտ է հաջողվում վեճի լուծմամբ հասնել անցումային արդարադատության նպատակների իրականացմանը: Այսպես Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը տևական ժամանակ գտնվել է բռնապետական կարգերի տակ: 1996-1997 թվականների ազատագրման պատերազմի, ինչպես նաև 1998 թվականին բռնկված պատերազմի զոհերի թիվը գնահատվում է մոտ 3-ից 4 միլիոն՝ չհաշված բռնապետ Մաբուտոյի իշխանությունից տուժած անձանց թիվը: 
Ինչպես հետագայում արձանագրվեց 2007թվականի 12-14 հունիսին Կինշասայում տեղի ունեցած Զինաթափման, զորացրման և վերաինտեգրման 2-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ անցումային արդարադատությունը անարդյունավետ կիրառվեց, և այդ անարդյունավետությունը կապում էին այն հանգամանքի հետ, որի վեճի լուծման համար առաջնահերթությունը տրվել էր զինաթափման գործընթացին և որպեսզի կարողանան զինաթափեն, զորացրեն և վերաինտեգրեն վեճի 330 հազարի հասնող մասնակիցների, ստիպված էին անպատժելիության երաշխիքով ապահովել դաշտային հրամանատաներին: Ավելին՝ աշխատանքների էին տարվում նրանց ոչ միայն վերաինտեգրելու ուղղությամբ, այլ նաև իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու՝ խթանելու համար իրենց ենթակայության տակ գտնվող խմբավորումների արագ զորացրումն: Ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա այն չհասավ իր նպատակին, քանի որ Միջազգային քրեական դատարանը այդ դեպքերի առնչությամբ մեղավոր ճանաչեց ընդհամենը մեկ անձի:

Այս պայմաններում ընտրված միջոցները ոչ միայն չծառայեցին անցումային արդարադատության, այլ նաև խոչընդոտ հանդիսացան հանցագործությունների քննման և բացահայտման գործում: Նման իրավիճակը տուժած անձանց մոտ կարող է ձևավորել անարդարության զգացում, քանի որ վերջիններիս համար ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ոչ միայն երաշխավորում է հանցագործների անպատժելիությունը, այլ նաև միջոցներ չի խնայում հանցագործների վերաինտեգրման համար՝ թույլատրելով նրանց զբաղեցնել պատասխանատու պաշտոններ վերակազմակերպվող պետական անվտանգության մարմիններում՝ միևնույն ժամանակ ի վիճակի չլինելով փոխհատուցել հանցագործությունից տուժած անձանց պատճառված վնասը: 

Այս և նմանատիպ օրինակները ցույց են տալիս, որ անցումային արդարադատությունը միշտ չէ, որ ապահովում է բոլոր խնդիրների լուծումը հետբախումնային իրավիճակներում և այն կարող է մի շարք խոչընդոտների բախվել կապված երկրի ներքին կամ միջազգային իրավիճակով: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է քննարկել նշված մեխանիզմի կիրառման արդյունավետությունը և խելամտությունը՝ համադրելով այն միջազգային նորմերի և հատկապես պատժիչ արդարադատության միջոցների հետ»:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս