loader
 Իշխանյան. Ահաբեկչությունը արդարացնելը, քարոզելը կարող է կամայական կիրառվել

Իշխանյան. Ահաբեկչությունը արդարացնելը, քարոզելը կարող է կամայական կիրառվել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մասնակցում էր Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը:

Վերջինս անդրադարձավ Քրեական օրենսգրքում ցմահ ազատազրկման շեմին, որը նրա խոսքով պետք է սահմանվի 21 տարեկանը: Վերջինս նշում է՝ աշխատանքային խումբը նախնական տարբերակում նշել էր 21 տարեկանը, սակայն  վերջնական տարբերակում նորից վերադարձ է կատարվել 18 տարեկանին:

«Մեր հերթական առաջարկը վերադառնալ 21 տարեկանին Արդարադատության նախարարությունը մերժել է՝ ասելով, որ պատերազմական վիճակի մեջ ենք: Ինձ համար լրիվ անհասկանալի է սա:  Մենք՝ իրավապաշտպան կազմակերպություններս, միշտ պայքարում ենք բանակում հանցագործությունների դեմ, բայց հաշվի առնենք մի բան, որ բանակում հանցագործություն կատարողները նույնպես զոհեր են: Անչափահաս մարդիկ են  նրանց հետ այդպես դաժան չի կարելի վարվել»,- նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանի մյուս մտահոգությունը Քրեական օրենսգրքում ահաբեկչությունը արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու նախագիծն է:   

«Ենթադրենք մեկն ասում է, որ Դրաստամատ Կանայանը մեծ զորավար է: Հիշենք, որ նա Նակաշիձեի նկատմամբ ահաբեկչություն է իրականացրել:  Թեհլերյանը հայոց մեծերից է, նրա նկատմամբ պատիժ պե՞տք է կիրառվի: Այդ հոդվածը կարող է շատ կամայական ձևով կիրառվել»,-ասում է Ավետիք Իշխանյանը:

 Հոդվածի  համաձայն՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, ինչպես նաև հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս