loader
Կառավարությունը հաստատեց ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների նախագիծը 

Կառավարությունը հաստատեց ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների նախագիծը 

Կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծն ու օրենսդրական փաթեթը։ Հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մանրամասնեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների, ինչպիսիք են` թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը, պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացումը և ժամկետների ընդլայնումը:

Նա նաև ասաց, որ նոր փոփոխությամբ կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու է նվազագույն շեմի իջեցումը, ընտրագրավի գումարի իջեցումը և նվազագույնը 4 կուսակցությունների ընտրության երաշխիքների ապահովումը, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավումը, «Բոնուսային համակարգի» վերացումը:

Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հարցրեց, թե հայտնի օգտվողների ինստիտուտն ինչպե՞ս է կանոնակարգվելու: Նախարարը բացատրեց, որ ներդրվելու է համակարգ, ըստ որի՝ անգործունակ ճանաչված անձինք հանվելու են ցուցակից: Քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն արվել են պարզեցման նպատակով:

«Ըստ էության՝ տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Յուրքանչյուր ընտրող ունենալու է իր քվեաթերթիկը, ավելի պարզեցված կարգով է լինելու քվեարկությունը: Եթե նախկինում ընտրողը քվեաթերթիկը վերցնում էր ու մտնում քվեախուց, հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կանաչ, սև գրիչների պատմությունը: Ուղղակի մարդը քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները նույնպես պարզեցման ուղղությամբ են»,- ընդգծեց նա:

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նաև Ազգային ժողովին առաջարկել հոկտեմբերի 22-ին արտահերթ նիստ գումարել: «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթները քննարկելու օրակարգով:

Վարչապետը կոչ արեց ևս մեկ անգամ քննարկումներ կատարել, որպեսզի ցայտնոտային իրավիճակներ չլինեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս