loader
Կգա ժամանակը ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան

Կգա ժամանակը ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց: Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կազմը Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել, այսինքն՝ բողոքի օրինակին ծանոթ չի եղել և հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություն պատրաստելու համար:

«Դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա: Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին»,- ասաց փաստաբանը:

Դատական նիստից հետո Արմեն Գևորգյանը, պատասխանելով իրեն առաջադրված մեղադրանքների մասին լրագրողների հարցերին, մեկ անգամ ևս շեշտեց, որ այն չի ընդունում և անհիմն է համարում: Իսկ խոշոր չափով կաշառք ստանալու հարցին ի պատասխան նշեց. «Արդեն ասացի՝ որևէ մեկը չեմ ընդունում»:

Լրագրողները նրան կրկին հարցեր ուղղեցին, ինչին Գևորգյանը արձագանքեց. «Կգա ժամանակը ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին Հատուկ քննչական ծառայության՝ 2 ամսով կալանավորելու միջնորդությունը մերժեց: Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին ծանոթ է և չի ընդունում:

Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է միանգամից 4 հոդվածով: Նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ սահմանադրական կարգի տապալմանն աջակցելու, արդարադատությանը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս