loader
Մանվել Գրիգորյանը շատ ցավ է պատճառել էջմիածինցիներին. ակցիայի մասնակից

Մանվել Գրիգորյանը շատ ցավ է պատճառել էջմիածինցիներին. ակցիայի մասնակից

Էջմիածնում վերսկսվել են ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաները: «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամները և էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվի անազատության մեջ: Այսօր նրանք ևս մեկ պահանջ ներկայացրեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածին քաղաքից:

«Այդ մարդը դիկտատուրական ռեժիմում է պահել ամբողջ քաղաքը և թասիբ ունեցող մարդիկ թույլ չեն տա, որ նա մնա դուրսը: Իսկ իրավական տեսանկյունից նա վտանգ է ներկայացնում հանրության համար: Նա վտանգավոր մարդ է և նման մարդուն բաց թողնելու հնարավորություն ուղղակի չունեն»,- ասաց «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամ Ջիվան Աբրահամյանը:

Մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից հայտարարեց, թե Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումը վրդովեցրել և զայրացրել է քաղաքի բնակչությանը:

«Նրան չենք ուզում տեսնել մեր քաղաքում և մեր կողքին: Նա շատ ցավ է պատճառել էջմիածինցիներին: Գալիս էր, անկիրթ ձևով հայհոյում էր, ծեծում էր»,- պատմեց Էջմիածնի բնակիչը:

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ ընթացող բողոքի գործողություններն Էջմիածնում կտևեն մինչև կեսօր: Ժամը 16:00-ին ակցիա կտեղափոխվի Երևան՝ Վերաքննիչ դատարանի առջև, քանի որ այնտեղ տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Ակցիայի մասնակիցները պահանջում են Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխություն:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխվել է ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց՝ դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:

Նրան ազատ արձակելու օրվանից բողոքի ակցիաներ են սկսվել: Իսկ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին:

Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս