loader
ՄԻԵԴ հերթական վճիռը՝ ընդդեմ Հայաստանի

ՄԻԵԴ հերթական վճիռը՝ ընդդեմ Հայաստանի

Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել, տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից:

Գրծը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի և 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մարգարիտա Պապոյանի  կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի դեկտեմբերի 29-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

Դիմումատուն ծնվել է 1949 թվականին և ապրում է Երևանում։ 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել է թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները՝ 345 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:

Ըստ երևույթին, դիմումատուն օտարման ենթակա տարածքում գտնվող հողակտորի վրա փոքր կրպակ է ունեցել։ Իշխանությունները քանդել են այդ կրպակը՝  կառավարության որոշման շրջանակներում այդ տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար։  2002 թվականի հոկտեմբերի 10-ին, որպես դիմումատուի կրպակի համար փոխհատուցում, Երևանի քաղաքապետը նրան շնորհել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նշված հասցեում գտնվող 5 քառ. մետր հանրային օգտագործման հողակտորը յոթ տարով վարձակալելու և այդ հողակտորի վրա իր կրպակը կառուցելու ու աշխատեցնելու իրավունք։ Նույն որոշմամբ քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի տեղական իշխանություններին լիազորել է դիմումատուի հետ կնքել վարձակալության պայմանագիրը։

Որոշումը չի կատարվել և 2008 թվականին դիմումատուն քաղաքապետի և Կենտրոն վարչական շրջանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով կատարել թիվ 1785-Ա որոշումը։ Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի պահանջը, որն այդպես էլ չի կատարվել:

Դիմումատուն առաջարկել է 9 տարբեր ընդունելի նոր տեղանքներ, սակայն Քաղաքապետարանը դրանք բոլորը մերժել է։ Չնայած դիմումատուն ձեռնարկել է վճռի կատարմանն ուղղված բոլոր հնարավոր քայլերը, վճիռն ավելի, քան ութ տարի մնացել է չկատարված, փոխանցում է Tert.am-ը:

Ներպետական ատյանները սպառելուց հետո դիմումատուն դիմել է ՄԻԵԴ և պահանջել 140 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 125 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

ՄԻԵԴ-ը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսել հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար պահանջը մերժվել է:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Վճռում է, որ՝ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս