loader
Նինա Կարապետյանց. Փաստաբաններին տուգանելը նրանց լռեցնելու «ամենալավ տարբերակն է»

Նինա Կարապետյանց. Փաստաբաններին տուգանելը նրանց լռեցնելու «ամենալավ տարբերակն է»

 ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը, որի մեջ ներառված է նաև դատավարության մասնակից փաստաբանին մինչև 100.000 ՀՀ դրամի չափով տուգանելու իրավունքի մասին դրույթը, ընդ որում տուգանքը սահմանելու է դատավորը:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը «Հայաստան24»-ի հետ զրույցում նշեց, որ որպես այս դրույթի հիմնավորում ներկայացվել էր դատարանների բարձր հեղինակությունը պահելը.

«Փաստաբաններին տուգանելով՝ դատարանի հեղինակությունը չի բարձրանա: Սրանք ուղղակի լծակներ են «կարգազանց» փաստաբաններին վատ դրության մեջ դնելու համար, որովհետև եթե ամեն ստացած սանկցիան ենթադրենք ուղարկվի ոչ թե Փաստաբանների պալատ, այլ դատավորն անմիջապես կիրառի 100.000 դրամ սանկցիա, ապա ես, օրինակ, այդ պահին եթե ունենայի 20 սանկցիա, կստացվեր 2 մլն դրամի չափ տուգանք: Սա փաստաբանների նկատմամբ կիրառելը միանշանակ ճնշում է, որովհետև իրավիճակ է ստեղծվելու, երբ փաստաբանները, սանկցիաների տակ չընկնելու համար, ստիպված են լինելու շատ հարցերում լռել կամ հլու-հպատակ ենթարկվել դատարաններին: Սա ուղղակի աննախադեպ մի բան է այն պայմաններում, երբ գնում ենք դեպի Եվրոասոցացում և ՀՀ-ի առաջ դրվելու են լրացուցիչ պարտավորություններ՝ փաստաբանների, իրավապաշտպանների մարդու իրավունքներին վերաբերող հարցերում ավելի պաշտպանված լինելու, աշխատանքն ավելի թեթևացնելու, հնարավոր ճնշումներից զերծ մնալու հետ կապված ու այդ ֆոնին նման օրենք է ընդունվում:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ասուլիս էր տվել և հայտարարել, որ շատ երկրներում անգամ սանկցիա է կիրառվում կալանքի տեսքով և անգամ դա է այս պահին շրջանառվում և ակտիվորեն քննարկվում:

Փաստաբաններին մի վիճակի մեջ են դնելու, երբ մեծամասնությունը լուռ նստելու է և որևէ «ոչ ցանկալի» գործողություն չի կատարելու: Այս դեպքում փաստաբաններին չես կարող մեղադրել, որովհետև մենք միլիոնատերեր չենք, որ ամեն անգամ վճարենք 100 հազար դրամ», - ասաց Նինա Կարապետյանցը:

Մեր այն դիտարկմանը, որ փաստաբանների նկատմամբ ճնշումները կարծես թե ավելացան «Սասնա ծռերի» ու Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների դատավարություններից հետո, փաստաբանը միանշանակ դրական պատասխան տվեց.

«Հասկացան, որ Փաստաբանների պալատի միջոցով հնարավոր չեղավ փաստաբաններին «սաստել, զսպել, կարգի հրավիրել» և որոշեցին ավելի գործուն՝ ֆինանսական տարբերակը կիրառել: Փաստաբանին դնել ֆինանսական ծանր վիճակի մեջ,  նշանակում է խանգարել նրա բնականոն աշխատանքին: Տեսեք, հարուստները, օլիգարխները պաշտպանված կլինեն, որովհետև եթե փաստաբանը իրենց գործերով հայտարարություն անի և դատավորը սանկցիա կիրառի, իրենց պաշտպանյալը կարող է հանգիստ այդ գումարը վճարել: Իսկ իրավապաշտպան կազմակերպությունների դեպքում մեր վստահորդների պաշտպանությունն անվճար ենք իրականացնում: Այսինքն՝ մենք դրա համար գումար չենք վերցնում, չենք ունենալու աղբյուր վճարելու այդ սանկցիաների գումարները: Այսպիսով, իրավապաշտպաններին, փաստաբաններին լռեցնելու «ամենալավ տարբերակն են» մտածել», - նշեց փաստաբանը:

Նինա Կարապետյանցը հավելում է, որ իրենք մեծ հույսեր չեն կարող կապել Փաստաբանների պալատի հետ, չնայած նրան, որ պալատի նախագահն ասել է, որ դեմ է արտահայտվել օրինագծին. 

«Կարծում եմ՝ ՓՊ-ն այս պահին այնքան է թուլացել, որ նրան՝ որպես մի հսկայական կառույցի, որն անմիջականորեն մասնակցում է այս գործողություններին, որևէ մեկը ոնց հասկանում եմ չի հարցրել այս նախագծի մասին կամ այս հսկայական կառույցի կարծիքը որևէ մեկը հաշվի չի առել: ՓՊ-ն ավելի հետևողական պետք է լիներ ու եթե կարիքը կար նաև դիմեր այն փաստաբաններին, որոնք այդքան էլ սիրված չեն Փաստաբանների պալատի կողմից: Բոլորը միանշանակ կմիանային և սա հենց կլիներ այն միասնական դիրքորոշումը , որի մասին այդքան երկար ժամանկ փաաստաբանները խոսում են: Միասնական դիրքորոշումը հնարավորություն կտա Փաստաբանների պալատին ավելի ուժեղ լինել», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս