loader
Որտեղ կանանց մասնակցությունը բարձր է, այնտեղ կոռուպցիայի ցուցանիշը ցածր է. իրավապաշտպան

Որտեղ կանանց մասնակցությունը բարձր է, այնտեղ կոռուպցիայի ցուցանիշը ցածր է. իրավապաշտպան

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քննարկումներում առաջարկում են կանանց մասնակցությունն ԱԺ-ում նախկին 25 տոկոսի փոխարեն դարձնել 40: Իրավաբանական շրջանակներում բուռն քննարկվում է առաջարկը, ԸՕ-ում փոփոխությունների շուրջ տարիներ ի վեր աշխատած մասնագետները նշում են, որ ամեն ինչ պետք է հասարակությանը նման լինի, իսկ մենք այսօր նման հասարակություն չունենք: Քննարկման մասնակից պատգամավորների մի մասն էլ մտահոգվում է, որ կանանց մասնակցությունը կարող է արհեստական լինել:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով առաջարկի փաթեթը ներկայացրել է հանձնաժողովին, չի կարծում, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ կարող է արհեստական դիտվել հատկապես, որ հեղափոխության օրերին կանայք մեծ դեր խաղացին: Նրանք կրթված են և կարող են իրենց դերն ունենալ նոր երկրի կառուցման գործում:

«Նրանք պետք է նաև որոշումներ կայացողների դեր ունենան: Մենք առաջարկում ենք, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ առավելագույնը 60 տոկոս լինի, իսկ նվազագույնը՝ 40:  Մենք առաջարկում ենք, որ կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը լինի այնպիսին, որպեսզի սեռերից որևէ մեկը չհավակնի առավել, քան 60 և ավելի պակաս, քան 40 տոկոս ներկայացվածության: Մենք երկրում ունենք ահռելի փոփոխություն, ունենք նաև նոր ուժերի կարիք, և այդ նոր ուժը կարող են կանայք լինել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նկատեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամը:

Նա նշեց, որ երկրում բացահայտված կոռուպցիայի դեպքերը փաստում են, որ քաղաքականության մեջ ներգրավված տղամարդկանց մեծ մասը թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Իրավապաշտպանը, վկայակոչելով միջազգային և տեղական հետազոտությունների արդյունքներն, ասաց՝ որտեղ կանանց մասնակցությունը բարձր է, այնտեղ կոռուպցիայի ցուցանիշը ցածր է:

«Տղամարդիկ ավելի հակված են տղայական, ավելի մտերմիկ հարաբերությունների ձևավորմանը: Տղամարդիկ քրեական կապեր են ունենում և դա ազդում է նրանց կողմից որևէ երևույթի համար արդար պայքարելու գործին: Կանայք ավելի հակված են օրենքի շրջանակներում գործելու: Այն գործողությունները, որոնք օրենքից դուրս են, կանանց համար պակաս գրավիչ են: Ելնելով այսօրվա մեր իրավիճակից՝ կանանց ներգրավվածությունը միայն օգտակար կլինի»,- նկատեց նա:

Վերջերս պետական պաշտոններում մի շարք կարևոր նշանակումներ են կատարել, որոնց ղեկավարները կանայք են: Արդեն ունենք նաև կին քաղաքապետեր: Էջմիածնի և Հրազդանի կառավարումը հանձնել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ այս նշանակումները կապացուցեն այն հանգամանքները, որ քրեական կապերը քանդվում են կին ղեկավար ունենալու պարագայում:

Նա հույս հայտնեց, որ ներկայիս կառավարությունը քաղաքական կամք կունենա՝ կատարելու օրենսդրական պահանջները կանանց մասնակցության մասով: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մեր երկիրն արդեն իսկ միացել է կանանց նկատմամբ տարբեր տեսակի խտրական վերաբերմունքը բացառող կոնվենցիաներին, մնում է միայն կանանց ակտիվ քաղաքականության մեջ մտնելու նորմը հաստատվի:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս