loader
Փորձագետ. Զինծառայողը այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության

Փորձագետ. Զինծառայողը այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության

Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Նշենք, որ Հովհ. Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն ստանձնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:

2017 թ. օգոստոսի 2-ից 2018 թ. հունվարի 16-ին իրականացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով՝ Հովհ. Պետրոսյանի բնավորությունն ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ազդել ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա:

Ըստ փորձագետի՝ դեպքի պահին ևս Հովհ. Պետրոսյանն այնպիսի հուզական վիճակում չի գտնվել, որի արդյունքում կարող էր ինքնասպանություն գործել: Փորձագետը բացառել է նաև հրամանատար Վաչագան Հայրապետյանի և մյուս ծառայակիցների գործողությունների և Հովհ. Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջև պատճառահետևանքային կապը:

Հիշեցնենք, որ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը մահացած զինծառայողի հոր հետ առերես հարցաքննությունից օրեր անց՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ավտովթարից մահացել է: Վերջինս գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների էր տիրապետում և իր ցուցմունքներում նշել էր դրանց մասին:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետը միանշանակ չի գնահատել մասնագիտացմանը չհարմարվելու կամ դիտողության արժանանալու հանգամանքների՝ ինքնասպանության դրդելու հնարավորությունը. նրա խոսքով՝ «չկան այնպիսի հոգեվիճակներ, իրադրություններ, խնդիրներ և հանգամանքներ, որոնք միանշանակ հանգեցնում են ինքնասպանության»:

ՀՔԱՎ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս