loader

Զեկույց․ «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում»

«Քաղաքացիական համերաշխության հարթակ» (Civic Solidarity Platform) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 19-ին Երևանում հրապարակեց «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցը:

«Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետազոտությունների բաժնի պատասխանատու, լեհ փաստաբան Ջոանա Սմետեկը նախ անդրադարձավ «Սասնա ծռերի» փաստաբանների այն խնդրին, որ դատարան մտնելիս կարգադրիչներն իրենց զննության անվան տակ իրականում խուզարկել են.

«Որոշ դեպքերում անգամ փաստաբանների փաստաթղթերն են ստուգել: Պարզ չէ՝ ո՞րն է «անվտանգության զննությունը» կամ «ստուգումը»: Այդ պատճառով փաստաբանները պնդում էին, որ դա խուզարկություն էր: Հստակության խնդիր կա, որը չպետք է օգտագործվի ընդդեմ փաստաբանների և դրանով վնասի նրա պաշտպանյալի՝ արդար դատաքննություն ունենալու իրավունքին:

Դատավարությունների հենց սկզբից որոշ փաստաբաններ խուզարկվել են: Հետո իշխանությունները սկսեցին ավելի մեծ թվով փաստաբանների խուզարկել: Դա այլ դատական գործերով անցնող փաստաբանների վրա էլ տարածվեց, նաև դատախազների: Չէինք հասկանում՝ այդ գործընթացն ինչպե՞ս է տեղի ունենում: Մեր կարծիքով՝ եթե կա խուզարկություն, դա չպետք է ընտրովի՝ խտրական լինի: Բոլորին պետք է խուզարկել, բայց փաստաբաններն իրենց կարգավիճակի հետ կապված պետք է երաշխիքներ ունենան: Չգիտեինք՝ ի՞նչ են փնտրում իշխանությունները: Արգելված իրերի ցանկ դեռ սահմանված չէր, մինչդեռ մարդիկ նախապես պետք է իմանային, թե ինչ չի կարելի բերել դատարան»:

Սմետեկը ընդգծեց, որ «Ծռերի» գործով դատավորները մերժել են պաշտպանական կողմի միջնորդությունները.

«Դատավորը պետք է թույլ տա, որ պաշտպաններն իրենց փաստարկները ներկայացնեն, որոնք պետք է քննարկվեն: Որոշ փաստաբաններ ասել են, որ իրենց անգամ հայտարարություն անել չի թույլատրվել»: 

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով ներկայացնում է «Սասնա ծռերի», Սեֆիլյանի և մյուսների գործով մի քանի անձի շահերը, անդրադարձավ այն հանգամանքին, որ դատավորները ամբաստանյալների շահերի պաշտպանության համար ներգրավել են հանրային պաշտպաններ, ընդ որում ոչ հանրային պաշտպանները, ոչ ամբաստանյալները, ոչ պայմանագրային պաշտպանները համաձայն չեն այդ որոշմանը:

«Նման իրավիճակում ուղղակի բացառված է, որ արդար դատաքննություն իրականացվի, մանավանդ, որ երիտասարդ  հանրային պաշտպանն, ով առաջին անգամ մտնում է դատական դահլիճ և նրան հանձնարարում են արդեն 7 ամիս սկսված դատաքննության ժամանակ անհապաղ  ստանձնել պաշտպանություն, չտալով նրան ժամանակ գործի նյութերին ծանոթանալու կամ իր պաշտպանյալի հետ հանդիպելու համար, ուղղակի աղաղակող անարդարություն է, փաստաբանական պալատը պիտի ուղղակի բացառեր նման իրավիճակը»,- ասել է Արայիկ Պապիկյանը:

HRTV armenia

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս