loader
Աստվածամայր Անահիտ

Աստվածամայր Անահիտ

Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի: Նա հայոց մայրաքաղաքների հովանավոր աստվածուհին էր, և անահտական տաճարներ կային հայոց բոլոր մայրաքաղաքներում: Այդ իսկ պատճառով, հայոց գլխավոր՝ արքայանիստ քաղաքը մայրաքաղաք է կոչվում: Իսկ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Երիզան էր՝ Բարձր Հայքի Եկեղյաց գավառում՝ Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող մի բարձր բլրի վրա… Մինչ 301 թվականը գավառը կոչվել է Անահտական:

Անահիտի տաճարում կանգնած էր Մայր դիցուհու ոսկյա արձանը, որի համար էլ Անահիտը հայոց աղբյուրներում հիշատակվում է նաև, որպես Ոսկեծղի, Ոսկեմայր, Ոսկեմատն անվանումներով: Անահիտը հայտնի էր նաև Մեծ Տիկին անվամբ:

Մ․թ․ա 34 թվականին, հռոմեական զորքերը Մարկոս Անտոնիոսի հրամանատարությամբ ներխուժում են Հայաստան: Հռոմեացիները գրավում են Երիզան, ավերում և կողոպտում հայոց տաճարները: Նրանք ավարառում են նաև Անահիտի հսկայական ոսկեձույլ արձանը: Հռոմեացի լեգեոնականները ջարդում են արձանը, մասնատում, բաժանում իրար մեջ: Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։ Պատմությունն ավանդում է, որ այն զինվորներն, ովքեր մասնակցել են այդ բարբարոսությանը, նախ կուրացել, ապա խելագարվել ու մահացել են:

Հռոմեացիների ավերածություններից հետո, հավանաբար, Արտաշես Բ օրոք, Երիզայում դարձյալ կանգնեցվել է Անահիտ աստվածուհու ոսկե արձանը, քանզի, ինչպես նշում է Ագաթանգեղոսը, երբ Գրիգոր Լուսավորչի գլխավորած հրոսակները մտնում են Երիզա, ավերում են այն և կործանում Անահիտի ոսկյա արձանը:

Հետագայում, 19-րդ դարում, Երզնկայի մոտ, Եփրատի ափին հայտնաբերվեց Անահիտ աստվածուհու բրոնզաձուլ արձանի գլուխն ու ձեռքերը, որ տարվեց Անգլիա և այժմ պահպանվում է Բրիտանական թանգարանում:

Անահիտին նվիրված հայոց տաճարներում շատ են եղել ոսկյա, արծաթյա, բրոնզե, քարե արձաններ: Հայոց տաճարների հարստության, ճոխության և շքեղության մասին շատ վկայություններ կան անգամ ասորական տարեգրությունում: Սակայն, ինչպես նշում է Ագաթանգեղոսն իր պատմության մեջ, 301 թվականին, Գրիգոր Պարթևի հրամանով դրանք բարբարոսաբար ավերվեցին ու թալանվեցին, հայոց տաճարները պղծվեցին, քարուքանդ եղան և այրվեցին:

Անահիտի պաշտամունքի գլխավոր սրբավայրերից էր նաև Մեծամորը՝ հայոց Էթիունի երկրի մայրաքաղաքը: Մեծամորում, ամենաբարձր վայրում, բլրի վրա, Անահիտի տաճարն է եղել: Հնագիտական պեղումների ժամանակ այստեղ բազում ֆալոսներ հայտնաբերվեցին, որ նույնպես պտղաբերության դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին են առնչվում:

Առհասարակ, Վահագն ռազմաստծու պաշտամունքից հետո Անահիտի պաշտամունքը Հայաստանում երկրորդն էր:

Հայերը Անահիտին նվիրված շատ տոնակատարություններ են ունեցել. Գլխավորը Զատիկն է: Քանի, որ Մայր դիցուհին պտղաբերության, ծննունդի տիրուհին էր, նրա խորհրդանիշը հատիկն էր: Եվ զատիկ բառն առաջացել է հատիկից՝ զՀատիկ… Անահիտի խորհրդանիշներն էին Հազարան հավքը՝ սիրամարգը, որի փետուրների նմանությամբ բազմագույն ներկվում էին զատկական ձվերը: Ավանդության համաձայն, մի ժամանակ Մասիսի գագաթին բույն է դրել Հազարան հավքը, որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատյան աշխարհով, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա:

Անահիտ աստվածուհու խորհրդանշանն է նաև արագիլը. «aրագիլը երեխա բերեց»  արտահայտությունը գալիս է վաղնջական շրջանից՝ Անահիտ դիցուհու պաշտամունքից…

Մարտի 21-ին, երբ հայությունը տոնել է Ամանորը կամ Վահագնի ծնունդը, դարձյալ փառաբանել են Անահիտ աստվածամորը: Այդ օրը հայերը զարդարել են Կենաց ծառը Հազարան հավքի գույնզգույն ձվերով, գունեղ ժապավեններով, որ բնության զարթոնքի և գարնանամուտի խորհուրդն ունի իր մեջ:

Անահիտ աստվածուհուն է նվիրված նաև հայոց Արաց ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 7-ը, երբ հայությունը նշել է մայրության օրն ու խնկարել Մայր դիցուհուն:

Անահիտին նվիրված տոնին հայերը տաճարին ծաղիկներ, ծառի ճյուղեր են ընծայել: Հայոց Կենաց ծառի գաղափարը նույնպես առնչվում է Անահիտի պաշտամունքին: Մայր դիցուհու պատկերը դրամների վրա, արձաններում երբեմն քանդակված էր նաև՝ գլխին ծաղկեպսակով…

Անահիտին էին նվիրված նաև Խաղողօրհնեքը, որպես բերքի տոն, ինչպես նաև՝ Տրնդեզը, որ միաժամանակ իր մեջ պարունակում է Վահագնի, Անահիտի և Տիրի պաշտամունքի տարրերը:

Խաղողօրհնեքին Անահիտին է ընծայվել առաջին պտուղը: Հայոց քրմերը փառաբանման և անդաստանի ծես են կատարել հայոց այգիներում, դաշտերում, ապա սկսվել է բերքահավաքը: Խաղողօրհնեքը համաժողովրդական տոն է եղել, որին մասնակցել են արքայից մինչ շինական: Տոնն ուղեկցվել է խաղերով, երգերով, պարերով, առատ ու ճոխ սեղաններով, խնջույքով:

Առհասարակ, հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա տասնիններորդ օրը նվիրված էր Մայր դիցուհուն և կոչվում էր Անահիտ:

Անահտական տաճարներում օրիորդաց դպրանոցներ են գործել, ուր հայուհիները՝ շինականից մինչ արքայադուստր՝ սովորել են տնարարություն, արհեստներ… որպեսզի հասուն տարիքում արդեն պատրաստ լինեն ոչ միայն ամուսնության, մայրության, այլև՝ ըստ հարկի, կրել ընտանիքի հոգսը:

301-ին Հայաստանում կրոնական հեղաշրջում կատարվեց և քրիստոնեությունը ճանաչվեց որպես հայոց պետական կրոն, իսկ Անահիտի պաշտամունքը մնաց կուժերի, կարասների, աղամանների խորհրդանշաններով: Անահիտի խորհրդանշանն է նաև նուռը:

Ագաթանգեղոսը, որ քրիստոնեության առաջին մունետիկն է հայ պատմագրության մեջ, նշում է, որ Անահիտը մայրն էր բոլոր առաքինությունների:

Վահէ Լոռենց

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս