loader
Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է. Էդվարդ Միլիտոնյան

Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է. Էդվարդ Միլիտոնյան

«Բախտը մեզ ձեռնոց է նետել, և փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը, երես ենք դարձրել և զբաղվում ենք բոլորովին այլ բանով։ Թող մեր այսօրվա վարքն այնպես լինի, որ վաղը օդը հստակված և հայոց մեր երկինքը բաց լինի. կարողանանք միմյանց աչքերի շիտակ նայել». Հրանտ Մաթևոսյան

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 84 տարեկան: Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, նրա արձակի երկրպագուներն ու գրողի անունը կրող դպրոցի սաները:

Գրողի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար Հրանտ Մաթևոսյանը երբեք չի դիտվել որպես ամուսին, ես միշտ հասկացել եմ, որ նա մեծ անհատականություն է, իբրև մեծ գրող ու բացառիկ տաղանդով օժտված անհատականություն: Նա միշտ էլ տարբերվում էր բոլորից: Հրանտը հայտնի դարձավ իր Ահնիձորով: Եվ երբ տպագրվեց Ահնիձորը, նա արդեն գիտեր և կանխագուշակում էր, որ դրա տպագրությամբ ռումբ է պայթելու: Եվ, իրոք, այդ ռումբը պայթեց ու Հրանտին հեռացրեցին` իբրև հակասովետական մտածողության տեր մարդու: Դա 1962 թվականն էր: Ինձ համար շատ թանկ են Հրանտի հետ կապված հիշողությունները, իսկ ավելի թանկ է մնացել այն հուշը, երբ առաջին անգամ գնացի նրանց հեռավոր գյուղը: Ինքը շատ էր սիրում սիրելի մարդկանց, վատ մարդկանց դժվար էր ընդունում»:

Ես չեմ ուզում, որ Մաթևոսյանի մշակութային ժառանգությունը հիմա էլ դառնա ու մնա փորձաքար նաև այս կառավարության համար -Մի տեսակ այնպես է ստացվել, որ Հրանտ Մաթևոսյանի ժառանգությունը Հայաստանի բոլոր կառավարությունների, թե նախահեղափոխական, թե հետ հեղափոխական կառավարությունների փորձաքարն է դարձել: Թվարկածս կառավարությունների պատվախնդրությունն է եղել, լինում է և մնալու է այդ ժառանգությանը որպես մեր մշակույթի անկյունաքարերից մեկի վերաբերվելը, մշակույթին հավուր պատշաճի տեր կանգնելը, կամ տեր չկանգնելը: Պետք է ասեմ, որ այդ փորձաքարի վրա մի կառավարություն չէ, որ տապալվել է, մի իշխանություն չէ, որ տապալվել է: Ես նկատի չունեմ, որ ուղղակիորեն տապալվել են, քանի որ լավ չեն վերաբերվել Մաթևոսյանի ժառանգությանը, ես ասում եմ, որ մշակույթը ունի առհավատչյաներ, ունի պտուղներ, որոնց պիտի տիրապետես, որոնք պիտի քոնը լինեն: Իսկ եթե այդ պտուղները չես քաղում, դրանց տեր չես լինում, այդ պտուղները ընկնում են գլխիդ և դու պարտվում ես: Ես չեմ ուզում, որ թավշյա ,ոչ բռնի հեղափոխության սպառնալիքներից մեկը լինի հայ մշակույթը չընկալելը: Ես չեմ ուզում, որ Մաթևոսյանի մշակութային ժառանգությունը հիմա էլ դառնա ու մնա փորձաքար նաև այս կառավարության համար: Այդ առումով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը <Ծառերի> ցիտատով սկսելը, ինձ համար առաջիկա մեկ տարվա անելիքների ճշգրիտ մարտահրավեր է: Ուղիղ մեկ տարուց Մաթևոսյանը կդառնա 85 տարեկան, և նրա ժառանգության վերաբերյալ մեր կառավարության անելիքները այս պահից սկսած պիտի ճշգրտվեն: Ես կարծում եմ, որ առնվազն այս պահից սկսած պիտի հայեցակարգային ընկալումը տեսնեմ, դրա ձևավորումը տեսնեմ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանի կառուցման ավարտման, նրա կարգավիճակի և այդ հաստատության մեր հասարակության և մեր պետության մեջ ըստ արժանվույն իր տեղը և իր հայեցակարգը զբաղեցնելու:

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում:

«Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է ընկալել. կարող են լինել բազմահատոր գործեր, բայց անկարևոր բովանդակային իմաստով, այնինչ Մաթևոսյանի ստեղծած ամեն մի ակնարկ անգամ, փոքր մի էսսե հսկայական խորություն ունի: Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է»,- ասաց Միլիտոնյանը:

Ըստ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի` Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները շատ խորն են ու բազմաշերտ:

«Եթե ընթերցասեր ժամանակներում մենք լիովին չընկալեցինք Մաթևոսյանին, ապա այսօր նա ավելի է հեռացել մեզանից: Մեր ժամանակները մակերեսի ժամանակներ են, դյուրամարս երևույթների ժամանակներ են: Մենք չհասկացանք ու չգիտակցեցինք, թե ինչպիսի լեգենդ ունենք»,- ասաց նա:

Պանթեոնում Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին ծաղիկներ դրեցին նաև մեծ գրողի անունը կրող դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։ Դպրոցի սաները հատվածներ կարդացին նրա ստեղծագործություններից։ Պանթեոնից ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաների խոսքերը` «Եզակի ու երանելի ճամփորդ, որ երեկվա օր ունի, որ ունի այսօր և ունի վաղը, որ ժողովրդի համար ապագա է կոչվում։ Հրանտ Մաթևոսյանն իր հայրենիքում ստեղծեց իր հայրենիքը և հար ապրելու է իր նախնիների ու իր հայրենիքում»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս