loader
Իրարանցում՝ Սարդարապատի թանգարանում

Իրարանցում՝ Սարդարապատի թանգարանում

Դժվար ժառանգություն է այսօր բաժին հասել Ազգագրության թանգարանի աշխատակիցներին, որ սալահատակը քերծելու, պատին թեկուզ մի գորգ անխնա մեխելու դեպքում անհանգստանում են ու լսում կաղապարված արտահայտություններ՝ «Գորգերը միշտ էլ մեխով էին ամրացված պատին», «Ինչո՞ւ չէիք պահանջում նախկին տնօրեններից», «Հիշեք՝ ինչ էր ինձանից առաջ»…

Գործող տնօրենը, նախկին ղեկավարներին մեղադրելով կուտակված խնդիրների մեջ, մոռանում է մի կարևոր բան, որ արդեն 11 տարի է՝ կառավարում է թանգարանը. բավականին երկար ժամանակ, որպեսզի թանգարանի շատ ու շատ հիմնարար խնդիրներ արդեն լուծված լինեին: 

Թանգարանի աշխատանքն սկսվում է ժամը 900 -ից: Տնօրեն Կարեն Արիստակեսյանը, չվստահելով գրիչով և թղթով ներկա-բացակային, գնել է 400 հազար դրամ արժողությամբ սարք (գինը բազմաթիվ անգամներ նշել է տնօրենը թանգարանի աշխատակիցների ներկայությամբ): Աշխատակիցները ձեռքի որևէ մատը, որ նախապես գրանցված է, սարքը ճանաչում է, ուստի՝ ներս մտնելուց և դուրս գալուց աշխատակիցն այդ մատը դնում է սարքի վրա և ստանում «Thank you» պատասխանը: Որքան հաճելի է քաղաքակիրթ միջավայրում ստանալ անգլերեն այնքան հաճելի հնչող «շնորհակալությունը».  թվում է, թե թանգարանում ամռանը զով է, ձմռանը՝ տաք, թվում է՝ նորմալ աշխատանքային պրոցես է, բայց դա միայն առաջին հայացքից:

 Ուշացումների խիստ վերահսկումը բողոքի պատճառ չէր լինի, եթե դա վերաբերեր բոլորին: Տնօրենն ինքն այս 11 տարիների ընթացքում ոչ մի անգամ չներկայացավ ժամը 900-ին: Նրա աշխատանքը սկսվում է լավագույն դեպքում 12-ից հետո, շատ հաճախ, երբ աշխատանքն ավարտվում է երեկոյան ժամը 6-ին, նա նոր ներկայանում է թանգարան: Նման արտոնությունից օգտվող ևս մեկ աշխատակից ունենք՝ «գեղեցկության և սիրո թագուհի» փառահեղ տիտղոսը կրող նրա օգնականը:

Թանգարանում աշխատում են մարդիկ, օրինակ՝ PR բաժնի վարիչ, դիզայներ, խմբագիր, ովքեր աշխատանքի են ներկայանում շաբաթը 1 կամ 2 օր: Կամ կախված իրավիճակի կարևորությունից` կարող են հանկարծ մի ամբողջ շաբաթ աշխատանքի գալ: Էլ չենք խոսում այն անձանց մասին, ում դեմքը թանգարանցիները ո՛չ տեսել են, ո՛չ լսել, բայց նրանք կան հաստիքացուցակում: Ի դեպ, վերջին օրերի ընթացքում ուշացումներն ստուգող սարքը հանկարծ փչացավ. կարելի է ենթադրել, որ այն տարել են ոչ թե սարքելու, այլ «հետքերը մաքրելու»` զրոյացնելու շաբաթը մեկ անգամ ներկայացած աշխատակիցների մատնահետքերը:

Այսպիսի պայմաններում առողջ աշխատանքի կազմակերպումը չափազանց դժվար է, իսկ մի շարք ծառայությունների գծով՝ գրեթե անհնար: Թանգարաններում կարևոր գործառույթ է իրականացնում հսկիչը. հսկայական տարածք ունեցող սրահները հիմնականում հսկվում են մեկ հսկիչի կողմից: Աստված մի արասցե՝  նրանցից մեկը հիվանդանա կամ պարզապես օգտագործի իրեն հասանելիք հանգստյան օրը, թեկուզ և ընդմիջման ժամին՝ 2-3 սրահ մնում է մեկ հոգու հսկողության տակ, ինչը մեկ հսկիչն ուղղակի ֆիզիկապես չի կարող կատարել, քանի որ կանգնած լինելով մի սրահում` չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում մյուս սրահներում:

Ամռանը հսկիչները և այցելուները խեղդվում են թանգարանի միջանցքներում. չկան օդափոխության տարրական պայմաններ: Բազմիցս լսվում են բողոքներ այցելուների կողմից, բայց տնօրենը միայն փողի տերն է, միայն թե այցելուն վճարի, հանկարծ առանց տոմս չմտնի (շատ դեպքեր են եղել, որ ձայնը գլուխն է գցել՝ իմանալով, որ խեղճուկրակ մեկը չի կարողացել վճարել, բայց մտել է թանգարան), իսկ կնայի ցուցադրությունը, կխեղդվի այցելուն, թե՝ ոչ, նրան բացարձակապես չի հուզում:

Այս տարի թանգարանն ունի այցելուների ռեկորդային ցուցանիշ` պայմանավորված հերոսամարտի 100-ամյա հոբելյանով: 1.500.000-ից ավելի գումար մուտք գործեց թանգարան մեկ օրում: Արդեն շուրջ 3 ամիս ամեն օր թանգարանն ունենում է 100-200 հազար դրամից  ոչ պակաս գումար, օրեր են լինում` մինչև  500 հազար դրամ: Եթե վերցնենք անգամ միջին 100 հազարը՝ թարգարանի միջին եկամուտը 10 օրում կազմում է 1 մլն դրամ, որը հաստատ կարող է թանգարանի որևէ խնդիր լուծել:

Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են ծախսվում այցելություններից գոյացած գումարները, ո՞վ է տնօրինում և ինչպե՞ս: Չկա վերահսկող որևէ մարմին, փոխարենը կա գումարները միահեծան տնօրինող և օգտագործող մարմին:

Թանգարաններն ունեն 2 շատ կարևոր գործառույթ՝ առարկայի պահպանություն, ցուցադրություն և գիտական ուսումնասիրություն: Եթե այդ 2 գործառույթներից թեկուզ մեկն էլ չի իրականացվում, կարելի է հստակ ասել, որ թանգարանը դադարում է գոյություն ունենալուց կամ խղճուկ գոյություն է քարշ տալիս: Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը սկսեց նրանից, որ փոխեց թանգարանի անունը. ՀԱՊԹ-ն դարձավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Սովորաբար, նման դեպքերում բոլորն էլ գիտեն՝ ինչ նպատակ են հետապնդում անվանափոխությունները: Նրա տարիների ընթացքում ոչինչ չի գնվել, ոչինչ չի արվել՝ ի շահ թանգարանի, թանգարանը դեգրադացիա է ապրել բոլոր առումներով:

Ուզում ենք հատուկ ընդգծել, որ թանգարանը 1996-ից գտնվում է ՊՆ-ի կազմում՝ Վազգեն Սարգսյանի նախաձեռնության շնորհիվ: Ի սկզբանե սխալ էր թանգարանն այդ կառույցին հանձնելը, իսկ առավել սխալ՝ այդ կառույցի կողմից Կարեն Արիստակեսյանին տնօրեն նշանակելը: Թանգարանային գործից բացարձակ անտեղյակ այս մարդը կատարում էր թանգարանի նախկին կուրատոր Վարդան Ավետիսյանի հրահանգները: Օրինակ՝ թանգարանի գրադարանների համար բերված գնի համեմատ անորակ կահույքը՝  1 մլն դրամանոց ժամացույցը, 400 հազար դրամանոց ապարատը, Հացատան համար օդորակիչներ: Ունենալով չափազանց «բարձր ճաշակ» (հիշենք «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը) և իր «ձեռքբերումներում» լինելով մաքսիմալիստ՝ նա սիրում է այն ամենը, ինչ թանկարժեք է: Այսպես՝ մեջ բերենք ՀՀ ՊՆ Հայ զինվոր պաշտոնաթերթի 29.05.2015թ. համարում տպագրված Կ. Արիստակեսյանի հետ «Հաղթանակ կամ հատուցում» բարձրագոչ վերնագրով հարցազրույցից մի հատված. «Մենք Սարդարապատի հուշահամալիրի կենտրոնական հրապարակում մի ժամացույց ենք դնելու: Ժամացույցի մի կողմում գրված է լինելու` հաղթանակ, մյուս կողմում` հատուցում: Ժամացույցը մարմնավորելու է պատմական պահը կարևորելու խորհուրդը: Կամ պիտի հաղթես ու ստիպես, որ պարտվողը հատուցի, կամ պիտի պարտվես ու հատուցես հաղթողին, երրորդ տարբերակը չկա»:

Աշխատանքային թիմի հետ խորհրդակցելը ժամանակի կորուստ համարելով` Կ. Արիստակեսյանը գործի անցավ. արդյունքում գնվեց ժամացույցը, որի «կարևոր» լինելն, անկասկած, փաստում է նրա գինը՝ 1 միլիոն, մի քանի հարյուր հազար դրամ: Այն տեղադրվեց հուշահամալիրի հենց սկզբում` դեպի պահապան ցլերն ուղեկցող ճանապարհին: Մի օր էլ աշխատողները հանկարծ նկատեցին, որ հուշահամալիրի մուտքի մոտ մի բան պակաս է. պարզվեց` չկա թանկարժեք ժամացույցը: Պարզվեց, որ 2015թ. մայիսից հետո գնված միլիոն դրամի արժողությամբ ժամացույցն արդեն հանվել ու շպրտված է մի անկյուն: Կարելի է ասել` անկյուն է շպրտվել նաև այն մեկ միլիոն մի քանի հարյուր հազար դրամը, որը կարող էր ծառայել ի նպաստ թանգարանի և թանգարանային առարկաների պահպանության:

Ստուգել է պետք Վարդան Ավետիսյանի մասնակցության չափաբաժինն այստեղ՝ կահույքի գործարանատեր լինելու և կիսվելիք գումարի կտրվածքով:

Գիտական բաժինները դատարկ են, գիտական հաստիքները կրճատվել են՝ հասցվելով մինիմումի:

Ցավով պետք է արձանագրել, որ թանգարանն «անդունդի եզրին է», մինչև բուկը խնդիրների մեջ խրված. վտանգված են ֆոնդերը՝ զուրկ համապատասխան ջերմախոնավային ռեժիմից, մաքրող միջոցներից (ամենահասարակ փոշեկուլը, «դիխոլոֆոսն» անգամ խնդիր է դառնում),  ցուցադրության մեջ դրված իրերը: Ներսից ցեցն է ուտում, դրսից՝ արևը: Իրեր կան, որոնք ցուցադրության մեջ փչացան անմիջապես երդիկների տակ դրված արևի ուժեղ ճառագայթների տակ: Օրինակ՝ երբեմնի շքեղ ազգային տարազը խունացավ ու կորցրեց փայլն ու գույնը:

Կ. Արիստակեսյանը թանգարանային առարկաները տնօրինում է սեփական հայեցողությամբ: Հյուրեր ընդունելիս ֆոնդապահին ստիպում է թանգարանային հաշվառման համարանիշ ունեցող մշակութային արժեք ներկայացնող շքեղ սփռոցը հանել ֆոնդից, փռել հյուրերի համար նախատեսված կերուխումի սեղանին: Իսկ կերուխումները շատ հաճախակի են լինում, օրինակ՝ մի քանի ամիս առաջ թանգարան այցելած Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրան ուղեկցող մի քանի հոգու հավուր պատշաճի ընդունելություն ցույց տալու համար, իր իսկ ասելով՝ 2 հազար դոլար է ծախսել հյուրասիրության համար, այսինքն, եթե նա բարձրաձայնում է այդ մասին աշխատակիցների մոտ, ուրեմն՝ այդ թիվը ֆիքսված է հաշվապահորեն: Ֆրանսիայի դեսպանը նույնպես վերջին ամիսներին 2 անգամ հյուրընկալվել է թանգարանում. անչափ հետաքրքիր է դեսպանի «ախորժակի» գինը: Շարքը կարելի է անվերջ թվարկել...

Թանգարանի ճարտարապետությունը հիացնում է բոլորին արդեն 40 տարի: Եթե հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը տեսներ, թե թանգարանի մուտքի մոտ ինչպես են կայանում տնօրենն ու նրա արտոնյալները՝ թանգարանի սալահատակի ֆունդամենտին լուրջ վնասներ հասցնելով, հավանաբար, կհրաժարվեր թանգարանի շինարարությունն սկսելուց:

Շարունակելի

Թանգարանի

ներկա և նախկին աշխատակիցներ

Հ.Գ. Նոր Հայաստանում Կառավարության հայտարարությունից հետո նմանօրինակ խնդիրներով շատ ահազանգեր են լինում Հայաստան 24-ի խմբագրություն: Ուստի՝ մենք դիմում ենք փոխադարձ մեկ խնդրանքով՝ միայն խնդիրը մի՛ ներկայացրեք, հանդես եկեք նաև համապատասխան ու կառուցողական լուծումներով և առաջարկներով:

 

 

 

 

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս