loader

Մուշեղ Գալշոյան. Հողը տրված է ոչ թե տրաքելու չափ կշտանալու, այլ ի պահ` չծնվածների

Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը:

Մուշեղ Գալշոյան


Հայ արձակագիր, լրագրող Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 13-ին: Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։

Մուշեղ Գալշոյանը վախճանվել է 1980-ին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ  կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի կապը ֆիդայական ավանդներին։

«Մուշեղ Գալշոյանը մեր հասարակական, քաղաքական, գեղարվեստի հրապարակում սպասված, սպասվող մարդ էր, նա նա էր՝ ում մենք սպասում էինք, և նրա անժամանակ կորուստը իսկապես կորուստ էր մեր ազգային ու ողջ համախորհրդային հրապարակից:
Գեղանի, սկզբունքային, խելացի, վերասլացի մեջ ընդհատված Ակսելի անհրաժեշտությունը մեր օրերում, քարոտ, ցամաք, դաժան երկիրը, որ այնքան քար է տալիս, որ բրգելու, հացին շունչ տալու համար բրգի մեջ պահելու վրա իր կես տարածքն է տալիս և ուր անասունը արդեն հունիսին արմատ է կրծում, քայքայվող, լքվող գյուղը՝ որ մեծ փլուզում էր նշում և որը վերահաս Արցախյան կատաստրոֆ դարձավ, պատմությունը, որ մեր աղարտող ոսպնյակի ետև ձևախեղում էր երեկվա դեմքերն ու դեպքերը և մեր այսօրվա իրականության մեջ ձևախեղված վերաբերմունքի ժառանգորդի կանգնեցում, դիմազրկվող, ապազգային, անբարո, երկրի ապաքաղաքացի քաղաքացին, որ իր գյուղերն ու քաղաքները քանդվելու համար էր շինում և որ ոտքը փախուստի էր պահած,- սպասում էին իրենց դատախազին և փաստաբանին, իրենց վկային ու պատմաբանին, իրենց լեզվով իրենց մասին մեզ պատմողին:
Նա եկավ և լսվեց ու սիրվեց:
Ձորի Միրոն և Մարութա սարի ամպերը, ծաղկած քարեր և Բովտուն, հրապարակումն Ռանչպարների կանչի՝ փառահեղ վերջաբանով և որպես բուն վերջաբան՝ քաղխորհրդի պատգամավորի ելույթ՝ մեղադրանք ու պատգամ:
Թուրքը պիտի լինի, աշխարհում բոլորն էլ ունեն իրենց թուրքը, դու քեզ նայիր:
Երկրաշարժը պիտի լինի - տունդ դու քանդվելու համար մի կառուցիր:
Ազատ ազգեր չկան, քո գերության մեջ դու մի ճորտացիր և քո երկրում քո կառուցածը թող ստրուկի աշխատանք չլինի, դու քո աշխատանքով տիրակալ եղիր քո տիրոջ վրա:

Նա եկավ մեզ վերածնելու բարոյապես և զենք ու հայրենիք վստահելու բարոյական մեր ներկայությանը միայն:
Նա գնաց և վշտացրեց: Հիրավի սպասված, հիրավի բախտավոր մարդ»:

Հրանտ Մաթևոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս