loader
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի 70 հայորդիների, որոնք Հայաստան են ժամանել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ ճամբարի ղեկավար Ռայմոնդ Հարությունյանն անդրադարձավ ճամբարի հայրենանվեր գործունեությանն ու առաքելությանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ճամբարի մասնակիցներին, այս առիթով իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ-ին նման ազգօգուտ նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

Վեհափառ Հայրապետը կարևորեց սկաուտական ճամբարային հավաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միմյանց ճանաչելու և հայրենիքի սրբություններին հաղորդակցվելու: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս մեկտեղումը հայրենիքում առավել կզորացնի նրանց հոգիներում հայրենասիրության զգացումը և նախանձախնդրության ոգին, ինչպես նաև կամրապնդի հզոր ու լուսավոր Հայաստան կերտելու նրանց գիտակցությունը:

Նորին Սրբությունը հորդորեց պատանի սկաուտներին խանդավառված ու ոգեշնչված բիբլիական Արարատով և հայրենյաց սրբություներով իրենց վերադարձին նորանոր գիտելիքներ ամբարել և դրանք ի սպաս դնել համայնքային կյանքի զորացմանն ու հայրենաշինության սրբազան գործին:

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց սկաուտների ծնողներին ու մանկավարժներին՝ հայրենասիրական ոգու և հայեցի դաստիարակության գործում ունեցած անուրանալի դերակատարության համար:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստվածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը:

Հանդիպման ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցները ուրախություն պարգևեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կատարելով «Էրեբունի-Երևան» և «Գետաշեն» երգերը: 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս