loader
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունելու այս տարվա իմ առաջին ճեպազրույցին, որի ընթացքում կփորձենք անդրադառնալ ինչպես մեր նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած արտաքին քաղաքական իրադարձություններին, այնպես էլ՝ ներկայացնեմ առաջիկայում սպասվելիք զարգացումները։

Նախքան խոսքս սկսելը, քանի որ մեզ մոտ մի քանի տեխնիկական փոփոխություններ են եղել, սկզբում կանդրադառնամ դրանց։ Ինչպես նկատեցիք ԱԳՆ միջոցառումների լուսաբանման համար արդեն նախապես պետք չէ գրանցվել, այլ պետք է ներկայանալ ԱԳՆ հավատարմագրման քարտով։  

Եվս մեկ տեխնիկական դիտարկում կապված մեր պաշտոնական կայքէջի հետ. խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կայքէջի թարմացումից հետո դեռ չեն բաժանորդագրվել մեր նորությունները ստանալու համար, մեր կայքի համապապատասխան բաժնում ձեր ընտրված լեզվով կրկին բաժանորդագրվել, քանի որ նորությունների տարածումն իրականացվելու է միան այդ հարթակում և միայն բաժանորդագրվածների շրջանում:

Իսկ այժմ անդրադառնամ վերջին շրջանում արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին:

Հունվարի 22-ից 24-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նաև որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական հագեցած պաշտոնական այցը Գերմանիա, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Գերմանիայի նախագահի, կանցլերի, Բունդեսթագի նախագահի հետ: Վստահ եմ տեղյակ եք այցի մանրամասներին: Կցանկանայի ընդգծել, որ այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրամսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին։

Հունվարի 16-ին արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, ինչպես նաև իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնանդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակին:

Նույն այցի շրջանակներում հունվարի 17-ին Զոհրաբ Մնացականյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ակտիվորեն ներգրավվելու կառույցի աշխատանքներին համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին: Ընդգծվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անընդունելիությունը:

Փարիզում նախարար Մնացականյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին, որին ներկայացրել է ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ դրանց կյանքի կոչման գործում կարևորելով ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցությունը։

Հունվարի 29-ին Հայաստանում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը: Այցի արդյունքների մասին կողմերը հանգամանալից անդրադարձել են հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ։  

Եվս մեկ դիտարկում․ րոպեներ առաջ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Օդուն Հալվորսենի հետ, կողմերն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը հարստացնելու երկկողմ օրակարգը և ուրվագծեցին այդ ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք գործնական քայլերը։ Նաև այս շաբաթների ընթացքում ԱԳ նախարարն ընդունել է ՌԴ պետքարտուղար, ԱԳ նախարարի տեղակալ Կարասինին։ Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։  

Հիմա անդրադառնամ ԱԳ նախարարի առաջիկա այցերին։ Փետրվարի 7-ից 8-ը նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Տալլին: Այցի ընթացքում նախատեսվում են արտգործնխարարի հանդիպումները Էստոնիայի վարչապետի, ԱԳ նախարարի, նաև խորհրդարանի ղեկավարի հետ։ Նախատեսված է նախարարի հանդիպումը IT ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տալլինում ԱԳ նախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Տալլինում կայանալիք ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին:

Ինչպես գիտեք, ԱԳ նախարարը նախորդ ասուլիսի ժամանակ նաև հաստատեց, որ մասնակցելու է փետրվարի 16-ից 18-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանականերում նույնպես նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Կցանկանայի անդրադառնալ ևս մեկ հարցի, որը վերջին շրջանում դարձավ տարբեր շահարկումների առարկա՝ կապված Դանիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հետ: Ինչպես բազմիցս նշել ենք, դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում և դրանց թվում է նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացումը: Այդ պրիզմայով պետք է դիտարկել Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում:

Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ այլ քայլեր ևս նախատեսված են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը: Պարզապես կխնդրեի, որ այս հարցում այլ շահարկումներ չլինեն։

Ինձ մոտ այս պահին այսքանն էր, այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։

Ազատություն ռադիոկայան: Նախ Արցախի հետ կապված: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը չի քննարկվում և հաշվի առնելով, որ սեղանին դրված փաստաթղթերը, Մադրիդյան սկզբունքները հենց դա են ենթադրում, չի վտանգում արդյո՞ք սա բանակցային գործընթացին՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանից այս հայտարարությանն արդեն արձագանք եղել է:  Եվ երկրորդ հարցը՝ վարչապետն առաջիկայում նախապարաստո՞ւմ է այց Իրան, Իրանի հետ հարաբերությունների առաջնահերթություններն այս պահին որո՞նք են, ի՞նչ օրակարգով են գնում։

Աննա Նաղդալյան: Առաջին հարցի մասով երեկ նախարարը հնարավորություն ունեցավ նաև Ազգային ժողովում անդրադառնալու այդ հարցին, նշելով, որ Հայաստանն ունի իր մասը, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Հայաստանն  իր մասով մասնակցում է գործընթացին: Հայաստանը բազմիցս է ներկայացրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները՝ բացարձակապես խաղաղ, բացարձակապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը գերակա առաջնահերթություններ են Հայաստանի համար: Բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովումը, այդ թվում վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը և ագրեսիվ հռետորաբանության բացառումը: Իսկ այն դրույթը, թե արդյոք Հայաստանը ինչ սկզբունքով է մասնակցում հանդիպումներին, իսկ վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյոք փոխել է սկզբունքը, թե՝ ոչ,  պետք է ասեմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար, Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և՛ համանախագահներին, և՛ ադրբեջանական կողմին:

Մենք բնականաբար նույնպես տեսել ենք և՛ ադրբեջանական կողմի արձագանքը, և՛ արվող դիտարկումներն այս առնչությամբ. մեր սկզբունքները հստակ ամրագրվել ենք բազմիցս, և դրանց մասին  բազմիցս լսել եք, և ես ևս մեկ անգամ նոր անդրադարձա դրանց. այստեղ որևէ երկակի կարծիք չի կարող լինել:

Իրան այցի առնչությամբ, ինչպես վարչապետն է ասել Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին, ինչպես հասկանում եք ես դեռևս  չեմ կարող օրակարգի հետ կապված որոշ մանրամասներ բացահայտել: Այդ այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին: Այցին ընդառաջ համապատասխան գերատեսչությունները Ձեզ կներկայացնեն օրակարգի մանրամասները: Այս պահի դրությամբ այսքանը:

Հանրային հեռուստաընկերություն: Դավոսյան Ալիև-Փաշինյան չպլանավորված հանդիպման կազմակերպման հարցում արտգործնախարարությունը և նախարարն անձամբ որևէ մասնակցություն ունեցե՞լ են։ Արդյո՞ք այդ համատեքստում հնարավոր է հանդիպում Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում Մամեդյարովի և Մնացականյանի միջև: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան: Անդրադառնալով առաջին հարցին՝ նշեմ, որ ինչպես հրապարակվել էր, հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, հանդիպումը եղել է բաց օրակարգով, կրել է ճանաչողական բնույթ և անցկացվել է առանձնազրույցի ձևաչափով: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին խոսվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախորդ հանդիպումների ժամանակ, որոնք հանդիպման այլ մանրամասների հետ միասին նաև համապատասխան հայտարարություններով արձանագրվել են: Գիտեք՝ պետք է ուղղակի հստակ արձանագրենք, որ այս և արտաքին քաղաքական այլ հարցերի շուրջ կա լիակատար համակարգում վարչապետի և արտգործնախարարի հետ, և այստեղ պարզապես հակառակ ձև չէր էլ կարող լինել:

Իսկ ինչ վերաբերում է Մյունխենում հավանական հանդիպմանը, ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, արտաքին գործերի նախարարը մասնակցելու է Մյունխենյան անվտանգության համաժողովին։ Որքանով որ մենք ենք տեղյակ, իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Գիտեք, երբ որ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, ապա մենք համակարգված ձևով մշտապես հայտնում ենք դրա մասին: Համակարգված ձևը նշանակում է, որ դա արվում է նույն ժամին և նույն օրը: Մենք միշտ պահպանել ենք այս սկզբունքը, և եթե լինի այս համաձայնեցումը, ապա մենք չենք լինի այս սկզբունքի խախտողը, և բնականաբար համակարգված ձևով մենք հանրությանը դրա մասին տեղյակ կպահենք:

Պարա Թի-վի: Երեկ պարզ դարձավ, որ Հայաստան է եկել ադրբեջանական Թուրան գործակալության խմբագիրը: Հետաքրքիր է՝ որն է բուն նպատակը: Նաև կխնդրեի անդրադառնալ Հունաստան-Մակեդոնիա համաձայնագրին. ո՞րն է Հայաստանի արձագանքն այստեղ:

Աննա Նաղդալյան: Գիտեք, ինչ վերաբերում է Թուրան գործակալությանը, այո՛, վերջինիս կողմից հայտ էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ հավատարմագրվելու և Հայաստանում համապատասխան լրագրողական գործունեություն ծավալելու համար։ Բոլոր նախանշված ընթացակարգերն անցնելուց հետո վերջինիս հայտը բավարարվել է, և նա իր լրագրողական խմբով այցելել էր Հայաստան: Այցը զուտ լրագրողական գործունեության ծավալմանն էր ուղղված, և այս առումով դա մեզ համար բնական գործընթաց է, որովհետև օրական երևի տասնյակ երկրների լրագրողներ են դիմում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հավատարմագրման համար։ Պետք է ուղղակի նշեմ, որ մեր կողմից երբևէ որևէ խոչնդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունն ինչ որ ձևով սահմանափակելու ուղղությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Հունաստանի և Մակեդոնիայի հարցին, պետք է նշեմ, որ մենք ուշադիր հետևել ենք Հունաստանի և Մակեդոնիայի միջև տեղի ունեցող բանակցությունների զարգացումներին։ Երկրի անվանման շուրջ Աթենքի և Սկոպյեի միջև ընթացող բանկցությունների հաջող ավարտը կարող է երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության ուղիներ բացել, ինչպես նաև վստահության մթնոլորտ ձևավորել առավել լայն տարածաշրջանում:

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ։ Կրկին անդրադառնամ Ադրբեջանի կողմից լայն տարածում ստացած քարոզչական խայծին՝ կապված կարգավիճակի և տարածքի հետ, և որը լայնորեն շրջանառվեց մեր լրատվամիջոցների կողմից՝ ինչ-որ տեղ խուճապ, տագնապ, անհիմն տրամադրություններ առաջացնելով։ Չե՞ք կարծում, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն այստեղ անելիք ունի՝ կապված ավելի օպերատիվ արձագանքելու և ժամանակին Հայաստանի, այդ թվում՝ Արցախի դեմ ուղղված քարոզչական մանիպուլյացիաները կանխելու հետ։ Շնորհակալություն։

Աննա Նաղդալյան: Շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, մենք մշտապես մեր դիրքորոշումը հայտնում ենք, մշտապես ընդգծում ենք, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է Արցախի անվտանգության ապահովումը և կարգավիճակը, և այդ երկու դրույթները փոխկապակցված են։ Այստեղ, եթե ոմանք տեսնում են խուճապի որևէ բան, արդեն կանխելը մի քիչ դժվար է պատկերացնել։ Մենք մշտապես խոսել ենք, եթե նայեք մեր հայտարարությունների ամբողջ դինամիկան, մշտապես ընդգծել ենք դրույթները, ներկայացրել ենք հանդիպումների մանրամասները, սակայն, երբ որ մեր հասարակության մոտ կա տենդենց՝ ալիք բարձրացնելու, քննադատելու, դա կանխելը մի քիչ դժվար է պատկերացնել։ Դրա համար մենք ամեն օր օպերատիվ աշխատում ենք, և դրանից է ելնում  մեր սկզբունքը, որ մենք 24 ժամ գրեթե հասանելի ենք լրատվամիջոցների համար, և եթե մեզ դիմում են մեկնաբանության համար, մենք գրեթե 99 տոկոսով, եթե դա հնարավոր է, երբևէ չենք մերժում մեկնաբանությունը։ Երբ որ մեզ դիմում են բացատրության համար, թե իրականում ինչ է կատարվում, մենք նաև բաց ենք նման ֆորմատով աշխատելու համար։ Մենք պետք է ձեզ հետ միասին աշխատենք, ձեր միջոցով պետք է հանրությանն ավելի լսելի դառնանք, որովհետև կա մեր լեզուն, որը հանրության համար, գուցե, այնքան էլ հասկանալի չէ, և դուք պետք է լինեք մեր լեզվի փոխանցողները հասարակությունում, որպեսզի կարողանանք կանխել նման զարգացումները և ի նպաստ մեր հասարսկության գործունեություն ծավալենք։

Արմենպրես․  Ադրբեջանական կողմը նշել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցը հայկական ուժերի դուրսբերումն է ադրբեջանական հողերից։ Երեկ արտգործնախարարն Ազգային ժողովում նշեց, որ կառուցողական մթնոլորտ կա։ Որքանո՞վ է կառուցողական Ադրբեջանի այս մոտեցումը։

Աննա Նաղդալյան․ Գիտեք, արտաքին գործերի նախարարը դրանից առաջ անդրադարձել է նաև Ադրբեջանի նմանօրինակ մի հայտարարությանը՝ ափսոսանք հայտնելով դրա կապակցությամբ։ Ադրբեջանի հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա։ Եթե սա ավելի լայն իմաստով դիտարկենք, նման հռետորաբանությունը որևէ ձևով չի նպաստում խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, և այստեղ է, որ մենք համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնենք՝ մեր հանրությանը ներկայացնելով մեր սկզբունքային դիրքորոշումը, ինչը մենք պատրաստ ենք պարբերաբար անել։  

Սպուտնիկ Արմենիա․ Բելառուսի նախագահը մի քանի անգամ նշել է, որ հրավերի դեպքում կայցելի Հայաստան։ Արդյոք նախապատրաստվում է նման հրավեր և, եթե այո, ապա՝ ե՞րբ։

Աննա Նաղդալյան․ Գիտեք, ընդհանրապես երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ մենք մշտական կապի մեջ ենք բելառուսցի մեր գործընկերների հետ, և Բելառուսի նախագահը սպասված հյուր է Հայաստանում։ Այս հարցի առնչությամբ մենք շարունակելու ենք աշխատանքները դիվանագիտական խողովակներով։ Հստակ ժամկետների առումով դեռևս ոչինչ ասել չեմ կարող։

Հանրային Ռադիո: Այսօր ավելի շատ շեշտադրվում է  ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին: Ինչպե՞ս եք սա պատկերացնում, և Ձեր կարծիքով ի՞նչ ժամկետներում է դա հնարավոր: Եվ մի հարց էլ ունեմ. նաև այսօր կարծես Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները մի կողմ են թողնվել, և ավելի շատ շեշտադրվում է ստատուսի և անվտանգության հարցը: Արդյո՞ք դա այդպես է: Այդ հետաքննության մեխանիզմների ներդնման հարցն արդեն լուսանցքու՞մ է: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան։ Ես կսկսեմ Ձեր երկրորդ հարցից: Այդ առնչությամբ վերջին շրջանում բավական անդրադարձ եղել է, բավական մեկնաբանություններ եղել են: Սակայն ես ցանկանում եմ մի քանի դրույթ ընդգծել. մեզ համար այս գործընթացում առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ՝ դրա իրագործումը: Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում. ռիսկերի իրական նվազեցմանն ուղղված գործողություններ և այդ միջոցառումների ամրապնդումը այն իմաստով են մեզ համար կարևոր, թե այս առումով ինչն է աշխատում, ինչը չի աշխատում՝ անկախ նրանից, թե դուք ինչ կկոչեք այն՝ Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնև թե՞ Դուշանբե: Նորից եմ ասում, այս գործընթացում մեզ համար կարևորը դրանց աշխատունակությունն է և դրանց իրական արդյունքը, այլ ոչ թե զուտ հրապարակային կողմը կամ անվանումը: Հայաստանը չի հրաժարվել և չի կարող հրաժարվել  որևէ գործառույթի իրականացումից, որը նպատում է ռիսկերի նվազեցմանը և լարվածության բացառմանը՝ անկախ նրանից, թե ինչ անվանում այդ փաթեթը կունենա:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, սա երևի թե վերջին շրջանում ամենաշահարկված դրույթն է: Այդ դրույթը խաղաղության գործընթացում, եթե լավ եմ հիշում, 2006 թվականից ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է նաև հայկական կողմը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Փարիզում կայացած հանդիպումից հետո հանդիպման մասնակիցների կողմից արված հայտարարություններում նույնպես ամրագրվեց այդ դրույթը: Եվ սա երևի թե այն եզակի դեպքերից է, եթե ոչ՝ միակը, որ դա ամրագրվում է բոլորի կողմից: Գիտեք, Հայաստանը միշտ հավատարիմ է եղել այս սկզբունքին, և զարմանալի էր այն ալիքը, որը տարածվեց հասարակության մեջ, թե այդ հայտարարության հասցեատերը մենք ենք:

Ինչ վերաբերում է բարձրաձայնվող հարցերին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ և ինչ ժակետներում, պետք է ասեմ, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը պետք է դիտարկել խաղաղության գործընթացի առաջմղման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելու համընդհանուր գործառույթի շրջանակներում, և դրա մեջ ներառվում են այն բոլոր տարրերը, որի մասին բազմիցս հայտարարել են և՛ Մինսկի խմբի համանախագահները, և՛ Հայաստանն ու Արցախը: Այստեղ ուղղակի կարևոր է, որ այդ գործողություններն ուղղված լինեն իրական նպատաներին, այլ ոչ թե զուտ քարոզչական բնույթ կրեն և ունենան face-saving-ի գործառույթ:

5-րդ ալիք: Առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeornaftix ընկերությանը թույլատրել է նորից վաճառել իր անօդաչուներն Ադրբեջանին։ Գիտենք, որ դա արգելվել էր ժամանակին։ Հայկական կողմն ինչ-որ քայլեր ձեռնարկու՞մ է այս ուղղությամբ։ Շնորհակալություն։

Աննա Նաղդալյան: Գիտե՞ք, ես էլ քիչ առաջ լուրերից տեղեկացա այդ ինֆորմացիայի մասին։ Բայց պետք է այստեղ այն ընդհանուր դրույթն ընդգծեմ, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է եղել մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել և բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում, և այս հարցն ինքնին բացառություն չի լինելու։ Պետք է ուղղակի ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին  մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է։

Aysor.am: Հայկական մի շարք լրատվամիջոցների աշխատանքը խափանված է, արգելափակված է Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում նաև մեր լրատվական կայքի՝ Aysor.am-ի: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում արտգործնախարարությունը և նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Ի՞նչն է պատճառը, և ե՞րբ կկարգավորվեն բնականոն աշխատանքները: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան: Շնորհակալություն հարցի համար: Գիտեք, խնդրի էությունից տեղյակ ենք, և դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է ռուսաստանյան պատկան մարմինների հետ խնդրին լուծում տալու ուղղությամբ: Ոորքանով որ տեղյակ եմ, այսօրվա դրությամբ, մասնակիորեն խնդիրը լուծվել է որոշ կայքերի հետ կապված: Դա իր մեջ նաև որոշակի տեխնիկական բնույթ է պարունակում, և քայլեր ձեռնարկվում են դրանց վերացման ուղղությամբ: Ձեր լրատվամիջոցի դեպքից ես տեղյակ եմ, և այն փոխանցվել է Ռուսաստանում մեր դեսպանությանը: Կխնդրեի նաև մյուս լրատվամիջոցներին, ովքեր կունենան նման խնդիրներ կամ գիտեն, որ նման խնդիրներ կան, ուղղակի տեղեկատվությունն օպերատիվ կերպով փոխանցեք մեզ, որպեսզի փոխանցենք դեսպանությանը և ռուսական կողմի հետ ակտիվորեն աշխատենք այդ խնդիրների վերացման ուղղությամբ:

Araratnews.am  Ուզում եմ անդրադառնալ մամուլի վերջին հրապարակումներին այն մասին, որ ընթացող օպտիմալացումները չեն շրջանցի նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, և հնարավոր է մեծ թվով աշխատակիցներ կկրճատվեն նաև այս ոլորտում: Դուք կհաստատե՞ք, թե կհերքեք նման տեղեկությունները, որքանո՞վ է դա հավանական: Շնորհակալ եմ:

Աննա Նաղդալյան. Շրջանառվող այդ լուրերի վերաբերյալ պետք է ասեմ, որ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագետիտական ներկայացուցչություններում աշխատող դիվանագետների թվքանակի կրճատման վերաբերյալ տեղեկատվությունը պարզապես իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, որոշ դիվանագիտական ներկայացուցչություններում տեղի է ունեցել դիվանագետների համալրում:

Այստեղ ավելի լայն կոնցեպտի ես կցանկանայի անդրադառնալ, որ մենք վերջին ամիսների ընթացքում մշտապես առնչվում ենք «մեր տեղեկություններով» տրվող ինֆորմացիային, որի ճնշող մեծամասնությունն իրականության հետ որևէ աղերս չունի, իսկ այն փոքրիկ հատվածը, ենթադրում եմ, որ պարզապես համընկնումներ են: Նման տեղեկատվությունն իսկապես խոչընդոտներ է ստեղծում մեր դիվանագիտական ծառայության համար, և դա նաև պատիվ չի բերում ո՛չ մեր ծառայությանը, ո՛չ մեր ազատ մամուլին: Պարզապես պետք է խնդրեմ, որ նման տեղեկատվություն տալուց առաջ որևէ ձևով կապ հաստատել մեզ հետ և ճշտել նման տեղեկատվության իսկությունը: Ես կասեմ, որ դա նաև կապված է մեր հասարակությանում և ընդհանրապես տարածված  այսպես կոչված “fake news” երևույթի հետ, որը նաև իր տեղն է գտել մեր իրականության մեջ:

Հրապարակ օրաթերթ․ Ուզում եմ իմանալ, վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցություններում, և քանի որ քսան տարի շարունակ Ղարաբաղը դուրս էր մնացել բանակցություններից, խնդրում եմ մանրամասնել, թե ինչպե՞ս է այդ ներգրավումը լինելու, արդյո՞ք Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական իշխանությունների միջև չեն լինի տարաձայնություններ, տարակարծություններ։ Արդյո՞ք այսօր Ղարաբաղի իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում իր ներգրավումը այդ բանակցություններում, ի՞նչ խորհրդակցություններ են եղել Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների միջև այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։

Աննա Նաղդալյան․ Ձեր հարցը բավական բազմաշերտ էր և բազմաթիվ տարրեր էր պարունակում։ Սկսեմ հերթականությամբ։ Հայաստանի և Արցախի իշխաբությունների միջև խնդրի վերաբերյալ խորհրդակցությունները մշտական բնույթ են կրում, և դրանք մշտապես և՛ կայուն, և՛ հետևողական իրականացվում են։ Դա առաջին մասով։ Երկրորդ մասով, մենք նույնպես հայտարարել ենք, որ Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցությունը ելնում է պրակտիկ արդյունավետության  սկզբունքից, և դա ամրագրված է նաև կառավարության ծրագրում, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ու նեգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ կարգավորման գործընթացում։ Ինչպես արդեն նշեցի իմ այսօր ասված պատասխաններից մեկում, այդ սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի կողմից ներկայացվել է ինչպես Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ՝ ադրբեջանական կողմին։ Մեզ համար սկզբունքային դիրքորոշման մի կոմպոնենտը դա է, որ Արցախը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ կարգավորման գործընթացում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս