loader
Վալերիյ Օսիպյանը պահանջել է անզիջում լինել հանցավորության ցանկացած դրսևորման նկատմամբ (տեսանյութ)

Վալերիյ Օսիպյանը պահանջել է անզիջում լինել հանցավորության ցանկացած դրսևորման նկատմամբ (տեսանյութ)

Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը: Վալերիյ Օսիպյանն անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին` ընդգծել է, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների և գործունեության այլ ուղղությունների արդյունավետությունը:

Ոստիկանության պետը պահանջել է անզիջում լինել հանցավորության ցանկացած դրսևորման, հատկապես կոռուպցիոն, հանրային համակեցության կանոնների խախտման, քաղաքացու իրավունքների, կյանքի և առողջության, գույքի անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության երևույթների դեմ պայքարում:

Ծառայությունների ամենօրյա խնդիրների առարկայական քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանն ընդգծել է ոստիկանության դերն առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում: Կարևորվել է քրեածին իրավիճակի կայունության պահպանման, քրեական հակումներ ունեցող տարրերի` ընտրական գործընթացներին միջամտելու հնարավորության բացառման, կրիմինալ իրավիճակն ամենօրյա աշխատանքով վերհսկելի պահելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը պահանջ է դրել լինել հետևողական և արմատախիլ անել ընտրակաշառքի ցանկացած փորձ, ցանկացած ընտրախախտում, այսպես կոչված` թաղային հեղինակությունների ցանկացած ինքնադրսևորում, կանխել սեփական անձը օրենքից վեր դասելու և հանրությանը պարտադրելու ցանկացած հնարավորություն:

Բոլորը և բոլոր իրավիճակներում պետք է հավասար լինեն օրենքի առաջ, ու դրա կարևոր երաշխավորներից մեկը ոստիկանությունն է:

Վալերիյ Օսիպյանն անդարադարձել է նաև Ամանորի ու Ծննդյան տոների նախատոնական և բուն տոնական շրջանում ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին` նշելով, որ այդ ընթացքում, որպես կանոն, նկատվում է քրեածին դրսևորումների աշխուժացում:

Ոստիկանության պետն առանձնացրել է խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջնահերթ են լինելու այդ շրջանում ու կարգադրել լիարժեք իրականացնել բացատրական, կանխարգելիչ և բացահայտման աշխատնքներ` օրինախախտման դեպքերը բացառելու համար: 

Ընդգծվել է, որ ոստիկանության ծառայողների ցանկացած թերացում կարժանանա համարժեք գնահատականի ու պատասխանատվության:

Ամփոփելով խորհրդակցությունը` Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրել է ծառայությունների ներկայացուցիչներին իրենց աշխատանքի առանցքային նշանակության մասին և պահանջել բացարձակ պրոֆեսիոնալ ու նվիրյալ աշխատանք` հասարակության ակնկալիքներն արդարացնելու, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանն էլ ավելի բարձրացնելու համար:
Խորհրդակցության ավարտին համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս