loader
Ապշեցնող իրողություններ՝ 5-րդ ալիքով Մարտի 1-ի մասին ցուցադրված ֆիլմի մասին

Ապշեցնող իրողություններ՝ 5-րդ ալիքով Մարտի 1-ի մասին ցուցադրված ֆիլմի մասին

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամառն էր։ Զանգեց Արամ Մանուկյանը, թե՝ Ռուսաստանից ռեժիսոր է եկել, ուզում է Մարտի 1-ի մասին անաչառ, անկողմնակալ, միմիայն փաստերի վրա հիմնված ֆիլմ նկարել։ Կգա՞ս՝ որպես շատ բան տեսած վկա ու տուժող։ Սիրտս կախ՝ գնացի։ Ծանոթացա ռեժիսորին։

Երկու ժամ պատմեց, թե ինչ կարգի օբյեկտիվ ու բացառապես փաստեր ներկայացնող ֆիլմ է ուզում նկարել։ Պարոն Մանուկյանն էլ արդեն պատմել էր՝ ոնց է տարել զոհերի հարազատների հետ հանդիպացրել, որովհետև բացի Կոնգրեսի ժողովրդից, մնացածի հետ հանդիպումները մերժում են։ Ոնց է ռեժիսորն ապշել էն ջերմությունից, որով հարազատներն ընդունում են Կոնգրեսի ժողովրդին։

Ոնց են վստահել ու հավատացել ռեժիսորին, որ վերջապես իրենց զոհված զավակների ու ամուսինների իրական պատմությունը կհասցվի աշխարհին։

Ռեժիսորն էլ հավաստեց, որ չի ուզում լսել այս կամ այն կողմի մեղադրանքներն իրար հասցեին, այլ ուզում է լսել բացառապես սեփական աչքով տեսածն ու սեփական ականջով լսածը... ոչ մի զգացմունք, ոչ մի եզրահանգում, ոչ մի վարկած... Ինքն էլ նման բան չի անելու. հարցի պատասխանը թողնելու է դիտողին։

Նստեցի տեսախցիկի առջև...

Ասեց՝ բացվելու համար հարց տամ. մանկությանդ ամենաերջանիկ պահը։

Ասեցի՝ երբ հայրս բանտից դուրս եկավ։
Զարմացավ... ի՞նչ բանտ... ինչի՞ էր նստած։
Կարճ բացատրեցի։
- Իսկ ե՞րբ քեզ նորից նույնքան երջանիկ զգացիր։
- Երբ Քոչարյանին ձերբակալեցին։
Դե պատմի։
Պատմեցի։
Դե գնանք՝ տեղանքը ցույց տուր։
Գնացինք, ցույց տվեցի։
Պատմությանս ողջ ընթացքում ունքը չշարժվեց։ Տեղանքում նկարեց։ Տեսախցիկն անջատեց։ Հաջողություն։ Մեջքով շրջվեցին, անցան իրենց զրույցներին։

Ասեցի՝ հաջողություն, չլսեցին։ Գնացի։ Մտա մոտակա դեղատունն ու տապալվեցի։ Միգրենի նոպայից չէի շարժվում։ Վաճառողներին հասկացրեցի, որ զանգեն։ Եվան մոտիկ էր, տարավ իր տուն։ Մի քանի ժամից ուշքի եկա։ Ու նույն ծանր սրտով հասա տուն։

Էսքան ժամանակ վախենում էի նույնիսկ հարցնել՝ ինչ եղավ ռուսի անաչառ ֆիլմը։ Ու զանգ։ Պարզվեց ցուցադրել են Հ5-ով։ Պարզվեց ցուցարարներից բոլորի խոսքը մոնտաժել, աղավաղել են։ Միայն ինձ ու Խանումյան Քրիստինեին չեն հաջողել մնդռել։ Չեն գտել նույնիսկ 5 բառ, որով հնարավոր լիներ քոչի կաշին փրկել։ Հանել են։

«Անաչառ» սրտով ու «փաստերի վրա հիմնված» լկտիությամբ օգտագործել են՝ ում կարողացել են, ինչ կարողացել են. մարդկանց վստահությունը, մարդկանց ցավը... Բայց ամենից վատ՝ զոհվածների հարազատներին։ Խաբել են, գցել ու օգտագործել՝ հերթական անգամ ապացուցելով թախտաբիթու և՛ իրական դեմքը, և՛ իրական հայրենիքը, և՛ իրական նպատակը Հայաստանում»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս