loader
Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:  

«Մեծարգո Նիկոլ Վովայի,  

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:  

Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ՝ կերտելով իր ազատ, անկախ պետականությունը, դիմակայել է բազում փորձությունների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների հաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ:  

Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է՝ մեր ավանդը ներդնել հայրենիքի և հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում: 

Մեծարգո Նիկոլ Վովայի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին՝ նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ նոր հաղթանակների կերտման ճանապարհին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս