loader
Արգենտինան աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը. Գեղամ Գևորգյան

Արգենտինան աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը. Գեղամ Գևորգյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաևԳյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը: Այս մասին հայտնում են  Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն ոչ միայն գյուղատնտեսները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան: 

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը և ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաև վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:

Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ:

Գեղամ Գևորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս