loader
Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

Տարիներ շարունակ համայնքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է այս տարի այդ գործառույթների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը: 

«ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայություններն, ըստ էության, քաղաքապետի լիազորություններն էին, որոնք պատվիրակվել էին և առաջացնում էին ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դրա համար մենք այդ 14400 դրամի բեռն այսօր տեղափոխել ենք քաղաքապետարանի գործառույթների շրջանակ, և այդ վճարն այլևս չի լինի»,- մանրամասնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: 

Ընկերությունը զբաղվում էր նաև հասցեների տրամադրմամբ: Որոշման դրական արդյունքները հատկապես կզգան այն քաղաքացիները, որոնք դիմում էին միաժամանակ և՛ հասցե ստանալու, և՛ հողօգտագործման պայմանագիր կնքելու համար: Նրանք արդեն հիմա կվճարեն միայն հասցեի տրամադրման համար սահմանված տեղական վճարը: Փոփոխություններով կկրճատվի նաև փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետը:
Առաջիկայում ավագանու քննարկմանը կներկայացվի ընկերության գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը: 

«Քաղաքապետարանը տարեկան 100-115 մլն դրամի չափով ֆինանսավորում էր ապահովում այս կառույցին, ինչը համարեցինք ոչ էֆեկտիվ: Այդ գործառույթներն իրականացնելու համար քաղաքապետարանում կբացվի նոր ստորաբաժանում»,-ասում է Հայկ Սարգսյանը: 

Քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու և քաղաքապետարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ծրագրերը կշարունակվեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս