loader
Ես այսօր առաջին անգամ սպասում եմ Հ1-ի որևէ հաղորդման. Վահե Գրիգորյան

Ես այսօր առաջին անգամ սպասում եմ Հ1-ի որևէ հաղորդման. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հ1-ն այսօր ցուցադրելու է «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը։ Շնորհավորում եմ Հ1-ին։

Այս ֆիլմը 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ քննության մասին տեղեկատվության սովի պայմաններում փաստական տվյալների հսկայական շտեմարան էր, հատկապես՝ տեսագրությունների մասով։ Այս ֆիլմը, հիշում եմ, որ ներառված է եղել նաև 9 զոհերի հարազատների կողմից ՄԻԵԴ ներկայացված նյութերի/հավելվածների ցանկում՝ կոնկրետ հղումներով տեղեկատվության աղբյուր հանդիսացող տեսագրությունների վայրկյաններին։

Ես հիշում եմ այն ժամանակն ու պայմանները, երբ այս ֆիլմը նկարահանվել է․ հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում, նրանց նկատմամբ խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, փողոցներում զոհերի միտինգներ անող հարազատներ, քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական գործիչների ընտանիքների անդամներ, որոնց անմարդկային վերաբերմունքով լավագույն դեպքում բազազներն ու գազազները ցրում էին բողոքի ցույցերի ժամանակ, փաստաբաններ, որոնց նկատմամբ քրեական գործեր էին հարուցված իրենց մասնագիտական պարտականությունների կատարման համար (իսկ նրանցից Մուշեղ Շուշանյանի դեմ նույնիսկ 2 թե 3 քրեական գործ), իրավապաշտպաններ և իրավակիսապաշտպաններ։ Շատ ու շատ այլ բաներ էլ, որոնք ոչ միայն հիշում եմ, այլ նաև փաստագրված պահպանվում են մեր տարբեր գործերում։

Մեր ժամանակների զավեշտն այն է, որ նախորդ տասնամյակի պրոպագանդան իր համար ամենահարմար և բերրի միջավայրն է գտել մեր օրերում, երբ տասնամյա հնության պրոպագանդան ավելի հեշտ իրացվելու հնարավորություն ունի, քան երբ ներկայիս "քաղբանտարկյալները" իշխանության էին։ և որ դժվար էլ մենք այսօր դիտեինք այս ֆիլմը, եթե մեզ այդ հարցում չօգնեին նովոկշոնով-բաբայանը, որոնց հայալեզու տեսակի որջն այն ժամանակներում հենց Հ1-ն էր։

Ու այդ ընթացքում Տիգրանն ու իր թիմը անխոնջ ու առանց շեղվելու առաջ էին տանում փաստահավաքության և նկարահանումների իրենց գործը։ Ես այս ֆիլմի առաջին անգամ տեսնելուց հետո (հիշում եմ, որ CD-DVD-ներով էր բաժանվում) շատ անգամներ եմ հանդիպել Տիգրան Պասկևիչյանին, ու, քանի որ խորշում է իր հասցեին գովեստի խոսքերից և անհարմարությամբ ընդունում դրանք, հարմար չեմ զգացել շնորհակալությունս հայտնել իրեն այս գործի համար։ Բայց ես այդ շնորհակալության խոսքը չասել չեմ կարող այսօր իրեն և իր թիմին և հրապարակավ։

Ես այդ ֆիլմի ցուցադրությանն այսօր չեմ սպասում․ այն գրեթե անգիր գիտեմ, քանի որ գործի բերումով ուսումնասիրել եմ դեպքերի վերաբերյալ բոլոր տեսանկարահանումներն ամենայն մանրամասնությամբ։ Ես այսօր առաջին անգամ սպասում եմ Հ1-ի որևէ հաղորդման՝ Տիգրան Պասկևիչյանի խոսքը լսելու համար։ 9։30-ին», գրել է փաստաբանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս